Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ «2 ՏՈԿՈՍՈՎ ՓՈԽՎԵԼ Է»

Քաղաքականություն

Վերջին տարիներին ՀՀ-ում մայիսի 9-ին պաշտոնապես նշվում է 3 տոն՝ Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի, ղարաբաղյան բանակի ստեղծման եւ Շուշիի ազատագրման տարեդարձերը: Այս տարի՝ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 57-րդ եւ Շուշիի ազատագրման 10-րդ տարեդարձին պատերազմներում զոհվածների հիշատակը հարգելու ցանկացողների թիվն աննախադեպ մեծ էր:

ՀՀ-յան 3 իշխանությունների, Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպանատների ներկայացուցիչները, պատերազմների վետերաններն ու պարզապես քաղաքացիները համբերատար սպասում էին Անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղկեպսակ եւ ծաղիկ դնելու իրենց հերթին: Այդ արարողությունն այսօր տեւեց մեկ ժամից ավելի:

«Անկախությունը չեն մուրում, այլ նվաճում են» կարգախոսի ներքո պատերազմած եւ հաղթած հատկապես տարեց վետերանները միայն վերջերս են զգացել իրենց հանդեպ հասարակության վերաբերմունքի փոփոխությունը: Ինչպես վետերաններից մեկն ասաց, վերաբերմունքը «մի 2 տոկոսով փոխվել է»:

2 պատերազմի մասնակիցները ընգծում են, որ անկախ Հայաստանի խաղաղ կյանքում դեռ շատ բարեփոխման աշխատանքներ պետք է տարվեն: Իսկ տարեց վետերանների մի մասն էլ մեծ դժվարությամբ է հաշտվում Հայաստանում հաստատված վարչակարգի հետ:

Վետերանների ցանկությունն է. «Խելացի նախարարություն, խելացի պատգամավորներ ունենաինք, լավ, մաքուր աշխատող մինիստրներ ունենաինք»: «Ես ուզում եւ ցանկանում էի, որ մեր երկիրը, ինչպես եղել էր սովետական կառավարության օրոք, այնպես էլ մնար», - ասաց վետերաններից մեկը:

Այնուամենայնիվ, այսօր բոլորն էլ միակարծիք էին մի հարցի շուրջ: Թե ՀՀ-յան, թե ԼՂՀ-յան կայացած բանակներն այնպիսի փուլում են, որ ի վիճակի են ապահովել իրենց երկրի եւ հասարակության անվտանգությունն ու խաղաղությունը: