Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՅԻՍԻ 10-ԻՆ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՊԱՅՔԱՐԻ ԱՆԶԻՋՈՒՄ ԵՎ ՎՃՌԱԿԱՆ ՓՈՒԼԸ

Քաղաքականություն

40 րոպե շարունակ Ներքին Գործերի համակարգի մի խումբ ներկայացուցիչներ ու Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարները փորձում էին խոչնդոտել միավորված 13 կուսակցությունների կազմակերպած հանդիպմանը՝ համայնքի բնակիչների հետ: Ձեռք բերված պայմանավորվածությանը հակառակ հոսանքազրկվել էին հանդիպման համար անհրաժեշտ բարձրախոսները: Մինչ քաղաքական գործիչների մի մասը զրուցում էր մարդկանց հետ, մյուսները փորձում էին լուծել էլեկտրաէներգիայի վերականգման խնդիրը: Այնուամենայնիվ հանդիպումը կայացավ:

Նմանատիպ փոքրածավալ հանդիպումներ արդեն կազմակերպվում են մայրաքաղաքի բոլոր համայնքներում: Հանդիպումների հիմնական նպատակն է ավելի արդյունավետ դարձնել մայիսի 10-ին կայանալիք հանրահավաքը: Վերջինիս առումով նշվեց, որ միավորված կուսակցությունների պայքարն արդեն անցել է անզիջում եւ վճռական փուլ, որի համար անհրաժեշտ է ժողովրդի ակտիվ մասնակցությունը:

Իսկ կուսակցությունների միավորման մասին խոսելիս քաղաքական գործիչները հիշեցրեցին, որ դեռեւս մի քանի ամիս առաջ Հանրապետության նախագահը խոսում էր պառակտված եւ չկայացած ընդդիմության մասին: Ընդդիմության ներկայացուցիչներն այսօր հավաստիացնում են, որ իրենց միավորումից հետո ցանկացած, նույնիսկ էժանագին միջոցներով փորձում են խանգարել ընդդիմության աշխատանքներին:

Այսօրվա հանդիպման ժամանակ եւս խոսվեց Հանրապետությունում առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական ծանր վիճակի մասին: Քաղաքական գործիչներն այդպես փորձում էին ապացուցել, որ իշխանությունն ու ժողովուրդն այլեւս իրար չեն հասկանում եւ ավելին նրանց միջեւ աստիճանաբար սկսում է ձեւավորվել թշնամանքի մթնոլորտ: