Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԵՒԱՆԸ ՈՐԲԱՑԱՎ ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՈՎ

Մշակույթ

«Այբ-Ֆե» շաբաթաթերթի նյութերից

Ամենայն հայոց բանաստեղծը` Հովհաննես Թումանյանը, իր մահից վայրկյաններ առաջ, երբ բոլոր մտերիմներն ու հարազատները նրան շրջապատած վերջին հրաժեշտն էին տալիս մահամերձ վարպետին, նա գլուխը բարձրացրեց, իր հմայիչ ու ամեն ինչ ասող, լիքը ժպիտով ասաց. «Ղոչաղ կացեք», եւ հեռացավ կյանքից: Այս պատմությունը բոլորովին վերջերս հեռուստաընկերություններից մեկի եթերում պատմեց Խորեն Աբրահամյանն ու ավելացրեց. «Չգիտեմ` ես որքան կապրեմ, չգիտեմ, թե ճակատիս ինչ է գրված, բայց ուզում եմ ասել. «Ղոչաղ կացեք»:

Այս կանխազգացումով այսօր կարելի է արդեն զգալ նրա խոսքի մարգարեական արժեքն ու կշիռը:

Այսօր զգում ես նրա բացակայությունը:

Երեւանն աղքատացավ:

Երեւանը կորցրեց մի իսկական երեւանցու:

Երեւանից պոկվեց մի կտոր կոլորիտ:

Երեւանը որբացավ Խորեն Աբրահամյանով:

Զավակին կորցրածի ողբերգություն ու մի տեսակ դատարկություն կար դեկտեմբերի 13-ի օրվա մեջ: Օրն ասես զգում էր, որ վերջակետ է դնում ինչ-որ լավ բանի: Սառն ու ցուրտ օդն ասես զգում էր, որ վերջին անգամ է դիպչում Խորեն Աբրահամյանի դեմքին: Հրաժեշտի տխրություն կար Երեւանի փողոցներում:

Ոչինչ չստեղծելով կորցնում ենք, կորցնում ու չենք գտնում հանճարների, իսկ նա հանճար էր` իր ժամանակի, իր ժամանակաշրջանի հերոս:

Նա սիրում ու սիրել էր տալիս Երեւանը:

Նրանով զգում էիր երեւանցու, արվեստագետի ճշմարտության, պայքարի ոգին: Նրա ողջ կյանքը պայքար էր. պայքար արվեստում, առօրյայում, իր հոգում: Եվ պատահական չէր նրա ծխամոլությունը. նրա յուրաքանչյուր գլանակի ծխի քուլայի հետ մի մռնչյուն էր բարձրանում օդ, մի ծանր հոգոց, չասված մի խոսք, վիրավորանքի մի կտոր: Նա գիտեր ասել, ու գիտեր լռել նույքան խոսուն: Այլեւս նա չի խոսի: Կխոսեն նրա մարմնավորած հերոսները, եւ կխոսեն նույնքան արդիական, որքան 50 տարի առաջ էր, երեկ էր, այսօր է: Որովհետեւ նա չէր խաղում, նա ապրում էր յուրաքանչյուր դեր ու ապրեցնում իր հերոսներին տասնամյակներով:

Իր հերոսներով էլ ինքը կապրեցվի հավերժ:

Նա կապրի նաեւ յուրաքանչյուրիս մեջ, որովհետու նրա մշակույթի հետ առնչված ամենքի մեջ նա թողել է հետք` Խորեն Աբրահամյանի հետքը:

ԴԻԱՆԱ ՄՈՐԿՈՍՅԱՆ