Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՐԿՈՒ ՄԱՀ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Մարզեր

Դեկտեմբերի 14-ին Գյումրու Անի թաղամասում հայտնաբերվել է շմոլ գազից թունավորված 2 քաղաքացի։ Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Տրդատ Ճարտարապետի 14 շենքի 16-րդ բնակարանում։ Շմոլ գազի թունավորման արդյունքում խեղդամահ են եղել 51-ամյա Վալենտինա Նալբանդյանն ու 32-ամյա մի տղամարդ։ Ըստ նախնական տվյալների, մահը վրա է հասել դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը։

Հարեւանները, նկատելով, որ բնակարանից ելք ու մուտք չկա, կոտրել են պատուհանի ապակիներն ու ներսում նրանց մահացած գտել։ Բնակիչները նմանատիպ դժբախտ պատահարների պատճառը համարում են գազաֆիկացմամբ անհատական ջեռուցման անցնելը։ Գյումրիի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի տնօրեն Վահան Պողոսյանը խնդրի առնչությամբ այլ պարզաբանումներ տվեց։

Նա նշեց, որ բնակարանատիրոջից իրենք դիմում են ստացել բնակարանը գազաֆիկացնելու վերաբերյալ ու կնքել ներտնային սպասարկման պայմանագիր։ Նշված փաստաթղթերի հիման վրա տեղադրվել է գազահաշվիչ, բայց քանի որ սարքավորումներ չեն եղել, դեպի բնակարան գազ թողարկելու իրավունք չի տրվել:

Պարոն Պողոսյանը չմոռացավ նշել, որ այս տվյալները նախնական են, այսպես ասած՝ օպերատիվ։ Այլ մանրամասներ պարզելու համար կաշխատի մասնագիտական խումբը։ Նա միանշանակ պնդեց, որ դժբախտ պատահարների առաջացման պատճառը հիմնականում գազավառարանների տեխնիկական շահագործման նորմերի կոպիտ խախտումներն են: