Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՇԱԿՈՒՅԹՆ ԱՄԵՆԱԱՐՀԱՄԱՐՀՎԱԾՆ Է

Մշակույթ

«Առայժմ մենք հեռու ենք ուկրաինական, աբխազական վայրիվերումներից, բայց, ինչպես հետխորհրդային մյուս երկրներին, այնպես էլ Հայաստանին սպառնում է մասնատվածության, ժողովրդական կամքի անդամալուծման վտանգը»,- կարծում է գրող-հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանը:

Ստեղծագործական ու տարբեր հասարակական միությունների ներկայացուցիչներ այսօր հավաքվել էին ԳԱԱ դահլիճում՝ մտահոգված մեր երկրում մշակույթի նկատմամբ պետական վերաբերմունքից: Ինչպես գործող Սահմանադրության մեջ, այնպես էլ առաջարկվող սահմանադրական երեք նախագծերում մշակութային քաղաքականությունն անտեսված է:

«Մշակույթն այսօր ամենաարհամարհվածն է»,- ասում է Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը՝ նկատելով,որ ներկայումս ոչ միայն մշակութի իրական արժեքը չեն գիտակցում իշխանավորներն ու հասարակության լայն շերտերը, այլեւ հենց իրենք մտավորականները:

Բնապահպան Կարինե Դանիելյանի կարծիքով, վտանգված է մեր ազգային ինքնությունը ու եթե այդպես շարունակվի.«Կունենանք միայն մի տարածք, որի անունը գուցե լինի Հայաստան, բայց այստեղ կապրեն տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ինչպես, օրինակ՝ ԱՄՆ-ում»:

Սահմանադրական նոր նախագծում ամրագրված չէ աշխատանքի իրավունքը, ինչն էլ, ըստ հավաքի մասնակիցների, նպաստելու է արտագաղթին:

«Ղրղզստանում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ է ստեղծված պետական ղեկավարների ու մտավորականության շփման ու մերձեցման համար»,- մի քիչ նախանձով ասաց ԳԱԱ փոխնախագահ Վլադիմիր Բարխուդարյանը, որը վերջերս է վերադարձել Բիշքեկից:

Հավաքի մասնակիցներին ներկայացվեց հայցեկարգ, որը պետք է նպաստի ՀՀ-ում մշակույթի բնականոն, անվտանգ զարգացմանը: Առաջարկվեց ստեղծել աշխատանքային խումբ, որին մինչեւ 2005թ. հունվարի 30-ը կներկայացվեն համապատասխան առաջարկներ, իսկ գարնանը ԳԱԱ-ի եւ ստեղծագործական միությունների կողմից կհրավիրվի Մշակույթի համագումար: