Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ` 2 ԱՄԻՍ ՏԵՎԱԾ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂԱԴՐՈՂԻ ՀԱՄԱՐ ՈՐԵՎԷ ԲԱՆ ՉԲԱՑԱՀԱՅՏԵՑ

Քաղաքականություն

Կալանավայրերի վարչության նախկին պետի դատավարության ժամանակ մեղադրողը ուղիղ մեկ ժամ ընթերցեց Մուշեղ Սաղաթելյանի մեղադրական ճառը: 36 տպագիր էջից բաղկացած ճառում գրեթե ոչինչ չէր փոխվել. այն համարյա թե նույնությամբ կրկնում էր մեղադրական եզրակացությունը: Այսինքն մոտ 2 ամիս տեւած դատաքննությունը մեղադրողի համար որեւէ բան չբացահայտեց: Սակայն որպեսզի կանխակալ մոտեցման մասին կասկածների տեղիք չտրվի, դատախազը հրաժարվեց մի դրվագով Սաղաթելյանին առաջադրած մեղադրանքից. գտավ, որ վերջինիս խուլիգանության մեջ կարելի է չմեղադրել: Այնուամենայնիվ մեղադրող Փիլոյանը ապացուցված համարելով ամբաստանյալի մեղքը ու նաեւ «հաշվի առնելով Սաղաթելյանի գործողությունների վտանգավորությունը եւ մեղմացուցիչ այն հանգամանքները, որ նա նախկինում դատապարտված չի եղել եւ մասնակցել է հայրենիքի ազատագրական պայքարին» պահանջեց դատարանից ազատազրկել Սաղաթելյանին 8 տարի ժամկետով, պատիժը ուղղիչ աշխատանքային գաղութում կրելու պայմանով:

Ապա պաշտպանական ճառն ասաց ամբաստանյալի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը: Նա մեկ առ մեկ հերքեց ներկայացված մեղադրանքներն ու հիմնվելով ՀՀ քրեական եւ քրեադատավարական օրենսգրքերի վրա, ապացուցեց, որ մեղադրանքները իրավական հիմք չունեն եւ փաստերը խոսում են այն մասին , որ մեղադրանքը հյուսվել է, - ասաց պաշտպանը:

Ռոբերտ Գրիգորյանը հայտարարեց. «Նախաքննությունն առաջնորդվել է մի սկզբունքով` ամեն գնով գործ սարքել: Մի դեպքում հանցակազմ չկա, մյուս դեպքում` առանց վերացնելու գործը կարճելու որոշումը նոր քրեական գործ է հարուցվել, այն էլ 5-6 տարի հետո, առանց նոր ապացույցների, մեկ այլ դեպքում մարդիկ իրենց իրավունք են վերապահել մտածել Մուշեղ Սաղաթելյանի փոխարեն եւ հայտարարել, որ նա մտադրվել էր ակնհայտ կեղծ մատնություն անել եւ զրպարտել հանրապետության նախագահին եւ պաշտպանության նախարարին»:

Ռոբերտ Գրիգորյանը նկատեց, որ նման վարվելակերպով նախաքննական մարմինը վնասում է երկրի առաջին դեմքերի արժանապատվությանը: Իվերջո, մարդը ստացել է օպերատիվ տեղեկատվություն եւ փորձել է ստուգել դրա իսկությունը: Համոզվելով , որ ՆԳՆ գործակալի հայտարարությունները փաստարկված չեն եւ զգալով, որ Շեյթան մականունով գործակալը փորձում է իրեն խաբել, հրաժարվել է նրա հետ հանդիպումներից, - ասաց փաստաբանը: Բացի այդ, եթե կան կասկածներ, թող կատարվի քննություն եւ ապացուցվի կասկածվող մարդկանց անմեղությունը՝ տվյալ դեպքում Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի անմեղությունը:

Հիշեցնենք, որ դատարանում մի քանի անգամ ՆԳՆ գործակալ Հարություն Գրիգորյանը հայտարարել է, որ ինքը խոստացել է ոչ թե կեղծ ձայներիզ սարքել, այլ հայթայթել իրականը. Եթե իմանար որ սուտ եմ ասում փող չէր տա, ասաց Շեյթանը:

Եվ 7 անգամ դատապարտված հանցագործը, որն այս անգամ էլ փաստորեն շորթման միջողով տիրացել է 1400 ամերիկյան դոլարի, փոխարենը համապատասխան իրավական գնահատականի արժանանալու եւ ներգրավելու որպես մեղադրյալ, հանդես է գալիս որպես կարեւորագույն վկա, մեղադրող վկա: Նա մի քանի տասնամյակ լինելով ՆԳՆ գործակալ, չէր կարող անկողմնակալ վկայություն տալ, այս իմաստով նրա ցուցմունքը արժանահավատ չեմ համարում, - նկատեց փաստաբանը:

Իսկ Մուշեղ Սաղաթելյանը հայտարարեց, որ իր դեմ քրեական գործը հյուսվել է Հայկ Հարությունյանի եւ դատախազի միջոցով, նաեւ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի: Սաղաթելյանը ասաց, որ կասկածում է եւ ունի նաեւ փաստեր, որ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների մեջ է նաեւ Աղվան Հովսեփյանը, ապա ավելացրեց. «Իմ նկատմամբ գործը շինծու է եւ ես հոկտ. 27 ի ոճրագործություն բացահայտումն եմ պահանջել, դրա համար էլ այստեղ եմ»: Ամբաստանյալի պաշտպանը դատարանից պահանջեց արդարացում:

Դատական նիստը կշարունակվի մայիսի 14-ին: