Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ՒՐ ԵՆ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

Հասարակություն

Հայկական Բժշկական Ասոցիացիա հ/կ անդամները հերթական անգամ մտահոգություն են հայտնել ՀՀ կառավարության որոշումների կապակցությամբ, համաձայն որոնց, այժմ ՀՀ զինված ուժեր են զորակոչվում գիտական աստիճան (գիտության թեկնածու, դոկտոր), ինչպես նաեւ 3 եւ ավելի երեխա ունեցող պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաները:

«Մենք կասկածի տակ ենք դնում սույն որոշման նպատակահարմարությունը, քանի որ մեզ համար անհասկանալի է այն հայտարարությունը, որ ՀՀ զինված ուժերը բժիշկ մասնագետների կարիք ունեն: Հայտնի է, որ արդեն 10 տարի է ինչ շրջանավարտներ է տալիս ԵրՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետը, որի նպատակն է ապահովել մեր հանրապետության զինված ուժերը համապատասխան բարձրորակ մասնագետներով»:

Հայտնի է, որ ամեն տարի այդ ֆակուլտետ են ընդունվում բազմաթիվ ապագա բժիշկներ: Այդ պարագայում ՀՀ զինված ուժերում արդեն վաղուց պետք է լուծված լիներ բժշկական կադրերի խնդիրը, մինչդեռ յուրաքանչյուր տարի ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ կրկին ունի 70 բժիշկների կարիք: Հարց է առաջանում թե ի՞նչ ճանապարհով եւ ու՞ր են անհետանում պաշտպանության նախարարության սեփական կադրերը:

Ինչո՞վ է պայմանավորված նման կադրերի բացակայությունը: Ինչու՞ մինչ այժմ զինված ուժերը չեն ապահովել սեփական կադրերի գիտական աճը: Ինչու՞ չեն վերապատրաստվում եւ գիտական որակավորում չեն ստանում զինված ուժերի հետ բազմամյա պայմանագիր ունեցող կադրերը:

Նման պարագայում ինչքանո՞վ է նպատակահարմար 2 տարով զորակոչել մեր հանրապետության քաղաքացիական բժշկության ասպարեզում աշխատող, ստեղծագործող եւ արդեն կայացած ողջ գիտական ներուժը: Այս բոլոր հարցերը հետաքրքրում են հասարակական կազմակերպության անդամներին:

Վերջիններս նաեւ հայտարարում են, որ այդ քայլը լուրջ հարված կհասցնի այն բուժհաստատություններին, որոնք տարիներով աճեցրել են այդ գիտնականներին:

Ստեղծված պայմաններում ՀՀ քաղաքացի հանդիսացող բժիշկները, պատրաստ են համագործակցել եւ անհրաժեշտության դեպքում նաեւ աջակցել կառավարությանն ու պաշտպանության նախարարությանը` հանդես գալով ստեղծված իրավիճակից դուրս գալու համար կառուցողական առաջարկներով, որոնք բաղկացած են 7 կետից: Հայկական Բժշկական Ասոցիացիա հ/կ անդամները բաց նամակ են հղել նաեւ ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին եւ ԱԺ նախագահին: