Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ԽՈՍՆԱԿԻ «ՍՈՎՈՐԱԿԱՆ» ԿԵՑՎԱԾՔԻՑ

Քաղաքականություն

«Գաֆէսճեան Թանգարանին» հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրինագիծը ընդունվեց մեծ դժվարությամբ: Եթե մեկ պատգամավոր էլ օրինագծին դեմ քվեարկվեր, այն չէր ընդունվի:

Ըստ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի, պատճառը ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն էր, որը վատ էր վարում նիստը: ԱԺ խոսնակը չպատասխանեց Արշակ Սադոյանի հարցին՝ «Գաֆէսճեան թանգարանը» գրանցված կազմակերպություն է, թե ոչ: Քվեարկությունից հետո Արմեն Խաչատրյանը արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից տեղեկացավ, որ «Գաֆէսճեան Թանգարանը» գրանցված է: Այստեղ Արշակ Սադոյանը հայտարարեց.«հնարավոր չէ: Երեկ գրանցված չէր, երեւի այսօր արագ կնքել են եւ հարցը փակել են»:

Իսկ ՀՀ առաջին վարչապետ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը նկատեց.«Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի հետ ԱԺ եկավ երկու թիմ: Այսօր արդեն էդ երկու թիմը բոլորովին չեն արտահայտում ժողովրդի կարծիքը:Դուք ո՞նց եք էդպես հպարտ նստել, երբ չգիտեք՝ գրանցված է, թե ոչ»: Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ հպարտ չէ, պարզապես իր սովորական կեցվածքն այդպիսին է:Վազգեն Մանուկյանն էլ ավելացրեց.«Ի՞նչ պարկեշտության մասին կարելի է խոսել, երբ ԱԺ-ն անպարկեշտ է»:

Արմեն Խաչատրյանից դժգոհ էր նաեւ «Իրավունք եւ Միաբանություն» խմբակցությունը: ՍԻՄ փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցի արտահերթ նիստին եւ խմբակցությունը լքեց դահլիճը: