Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՅՈՒՄՐԻԻ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ ՄԻՇՏ ՑՈՒՅՑ ԿՏԱ 11:41

Հասարակություն

1988 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ տարածքի 40 տոկոսը մեկ ակնթարթում վերածվեց աղետի գոտու: Այդ օրվա 11:41 րոպեն Հայաստանի պատմությունում ընդմիշտ կմնա «սեւ էջ»:

1988-ի երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում, որն ընդգրկում էր Սպիտակ քաղաքն ու նրա շրջակա 12 գյուղերը, կազմեց 10 բալ, հիմնական ցնցման մագնիտուդը՝ 7։

Երկրաշարժից տուժեց 363 բնակավայր՝ 21 քաղաք եւ 342 գյուղ։ Անօթեւան մնաց 514 հազար մարդ։ Զոհերի թիվը, ըստ պաշտոնական տվյալների հասավ 25 հազարի։ 1988-ի դեկտեմբերի 7-ին ամբողջությամբ ավերվեց երկրի բնակֆոնդի 17 տոկոսը։

Երկրաշարժը մեծ վնաս հասցրեց նաեւ ճարտարապետական, պատմական ու արվեստի հուշարձաններին։ Աղետի գոտու 8461 հուշարձաններից լրիվ ավերվեցին 155-ը, այդ թվում 5 եկեղեցի։ Փլված ու վթարային դարձած շենքերի արժեքը կազմում էր 658 մլն. ԱՄՆ դոլար։ Իսկ ընդհանուր առմամբ երկրաշարժի հետեւանքով ավերումները աղետի գոտուն հասցրին 10 մլրդ. դոլարի վնաս։

Սա միայն այդ պահին հասցված վնասները, իսկ եթե հաշվելու լինենք, այսպես ասած, չերեւացող կորուստները, օրինակ՝ ավերված ձեռնարկություններից ակնկալվող շահույթը, որը 15 տարի է, ինչ պետությունը չի ստանում, ապա երկրաշարժի հասցրած վնասը ամենեւին էլ 10 մլրդ. դոլար չի լինի, այլեւ, ինչպես մասնագետներն են հավաստում, դրա կրկնապատիկը։

16 տարի առաջ աշխարհի բազմաթիվ երկրների բնակիչներ օգնության ձեռք մեկնեցին ավերված Հայաստանին: Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 7-ին Հանրապետության ղեկավարները, քաղաքական գործիչները եւ շարքային քաղաքացիները այցելում են աղետի գոտի` հարգանքի տուրք մատուցելու աղետի զոհերի հիշատակին:

Հանրապետության եկեղեցիներում մատուցվում են հոգեհանգստի պատարագներ: