Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԻՆ ՓՐԿԵԼԸ ՊԱՏՎԻ ԳՈՐԾ Է

Հասարակություն

Հասարակածային Գվինեայում հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող 6 հայ օդաչուների համար պայքարը դեռ շարունակվում է, չնայած նրան, որ այդ պետության դատարանում արդեն ընթերցվել է դատավճիռը: Միայն դատավճռից հետո Հայաստանի պատվիրակությունը հնարավորություն է ունեցել յացելել բանտ, որտեղ պահվում են մեղադրյալները: «Հեշտ չէր նրանց հետ հանդիպել»,- վկայում են պատվիրակության անդամները:

Դատական դեռ առաջին փուլում Ռոբերտ Քոչարյանն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ էին հղել Հասարակածային Գվինեայի իշխանություններին, որպեսզի հայ օդաչուներրին ետ հանձնեն: Բայց ուղերձները այդպես էլ մնացել են առանց արձագանքի:

Այս անգամ եւս փոխանցվել է Ռոբերտ Քոչարյանի երկրորդ ուղերձը, որով խնդրվում է ներում շնորհել հայ օդաչուներին: Ռոբերտ Քոչարյանը համոզված է, որ հեղաշրջման մասին օդաչուները տեղյակ չեն եղել, նրանք պարզապես խաբվել են:

Գվինեական կողմին է հանձնվել նաեւ «Էքստրադիցիայի մասին» պայմանագրի նախագիծը: Եթե գվինեական կողմը ստորագրի այն, ապա հնարավորություն կստեղծվի, որ հայ օդաչուները պատիժը կրեն Հայաստանում:

Հայաստանի պատվիրակությունը Գվինեական կողմին խնդրել է փաստացի ապացույցներ տրամադրել, որ հայ օդաչուները մասնակից են եղել հեղաշրջման փորձին:

Եւս մեկ դիմում ներկայացվել է Հասարակածային Գվինեայի գլխավոր դատարան, չնայած ակնկալիքներ չկա, որ դատարանը կփոխի դատավճիռը: Չի բացառվում, որ հայկական կողմը դիմի նաեւ միջազգային դատարան:

Հասարակածային Գվինեայում աշխատող հայկական պատվիրակության անդամները հավատացած են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում առաջիկա 6 ամիսների ընթացքում իրավիճակի փոփոխություն կլինի: