Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՐԻՑ ԱՂՄՈՒԿ ԲԱՆԱԿԻ ԵՎ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Հասարակություն

Այսօր «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում Հայկական բժշկական ասոցիացիան մամուլի ասուլիս էր հրավիրել՝ մտահոգությունը հայտնելու գիտնական բժիշկներին բանակ զորակոչելու առնչությամբ: Կառավարության նոյեմբերի 19-ի որոշմամբ, գիտական աստիճան, ինչպես նաեւ 3 եւ ավելի երեխա ունեցող պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաները պարտադիր զինակոչիկներ են:

Ասոցիացիայի ղեկավար Պարունակ Զելվեյանը թվարկեց պատճառներ եւ հիմնավորումներ, թե ինչու է գիտնական բժիշկներին բանակ տանելը սխալ հատկապես այն դեպքում, երբ բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը 10 տարուց ավելի է, ինչ շրջանավարտներ է տալիս: Նրա բնորոշմամբ, ռազմաբժշկական ֆակուլտետ են ընդունվում ապագա բժիշկներ, որոնցից ոչ բոլորն են համալրում զինված ուժերի շարքերը. նրանք պաշտպանության նախարարության սեփական կադրերն են եւ տարբեր ճանապարհներով անհետանում են:

Այսօրվա բանախոսները նաեւ տարակուսեցին կառավարության որոշման այն դրույթի կապակցությամբ, որի համաձայն «գիտական կոչում ունեցող եւ այժմ բանակ զորակոչվող բժիշկների համար զինված ուժերում կան բացառիկ պայմաններ՝ գիտական աշխատանքով զբաղվելու համար»:

Ասոցիացիայի անդամները անհանգստացած են հատկապես երկրի տարածքում մահացության ընդհանուր թվի աճով: Այդ պայմաններում «հասարակության տնտեսական եւ սոցիալական աճը խթանող կառավարության կողմից ամբողջ գիտական ներուժը մեկ առանձին համակարգի բացերը լրացնելու համար կենտրոնացնելը արդարացված չէ»,-հայտարարեց ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյանը: Նրա կարծիքով, բանակին զուտ պրակտիկ բժիշկներ են պետք, որով բանակն այսօր ապահովված է: Իսկ նոր որոշումով երկիրը զրկվում է առողջապահական ժամանակակից համակարգ ստեղծելու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ նախորդ տարի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը փոփոխություն էր առաջարկում «Զինապարտության մասին օրենքում», որով բանակ էին զորակոչվելու բոլոր ԲՈՒՀ-րի ասպիրանտ-գիտնականները, նաեւ ուսանողները զրկվում էին տարկետման իրավունքից:

Կառավարությունը այդ նախաձեռնությունից հրաժարվեց ուսանողական եւ հասարակական կազմակերպությունների ակտիվությունից, բողոքի տարբեր ակցիաներից հետո: Այն ժամանակ անկախ փորձագետները կառավարության քայլը բացատրեցին որպես «տրյուկ»՝ մանր խնդիրներով ժողովրդին ակտիվացնելու նպատակով:

Նշենք, որ դեռ ոչ մի գիտնական բժիշկ չի զորակոչվել, նրանք կհետազոտվեն մինչեւ դեկտեմբերի 13-ը։