Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԽԼԱԾԸ ԵՏ ՏՎԵՔ»

Հասարակություն

Երեւանի քաղաքապետարանի շենքի մոտ Հյուսիսային պողոտայի բնակիչները Ռոբերտ Քոչարյանից պահանջում էին վերադարձնել իրենց ունեցվածքը:

Ըստ ցուցարարների, «Հյուսիսային պողոտա» շինծրագրի տարածքից տարահանվող բնակիչների հետ պայմանագիր է կնքվել 2004թ փետրվարի 21-ին, սակայն, գումարը ստացել են միայն հունիսին, որի հետեւանքով էլ չեն կարողացել բնակարան գնել, քանզի անշարժ գույքի արժեքը շուկայում մի քանի անգամ բարձրացել է:

«Մեկ քառակուսի մետրի դիմաց մեզ տվել են 250 դոլար, իսկ իրենք վաճառել են 1500 դոլարով, եթե ոչ ավելի»,- ասում է Հյուսիսային պողոտայի բնակիչ Լիդա Աբգարյանը: «Մենք ուզում ենք մեր ունեցվածքի փոխհատուցումը, որպեսզի վերականգնենք մեր ունեցվածքը, ավել ոչինչ չենք ուզում»,- լրացրեց Գոհար Սարգսյանը:

Ըստ նրա, իրենք չեն ուզում, որ վճարվի առավելագույն փոխհատուցումը` քառակուսի մետրի դիմաց 1500 դոլարով, այլ տրվի այնքան գումար, որ կարողանան նորմալ բնակարան գնել: Ցուցարարների ասելով, իրենց իբրեւ փոխհատուցում տրամադրված գումարի 10 տոկոսն էլ պահվել է իբրեւ շահութահարկ:

Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանում ցուցարարներին ասել էին,որ այդ հարցով պետք է դիմել «Հյուսիսային պողոտա» ծրագրի իրականացման գրասենյակ: Իսկ ԾԻԳ-ում, Լիդա Աբգարյանի փոխանցմամբ, ասել են.«Թող որոշում անեն, մենք էլ փոխհատուցում կտանք»: