Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՇՄԱՆԴԱՄՆ ԷԼ ՄԱՐԴ Է

Հասարակություն

«Այբ-ֆե» օրաթերթի նյութերից

Հնդկաստանում աղքատ եւ բազմանդամ ընտանիքները ինքնատիպ ձեւով են լուծում սեփական հոգսերը: Անդամահատում են երեխաների մարմնի որեւէ հատվածը եւ ուղարկում նրան մուրացկանություն անելու: Երեխայի խղճահարույց արտաքինն այդպիսով կերակրում է մի ողջ ընտանիքի:

Հայերիս մենթալիտետը, բարեբախտաբար, թույլ չի տալիս նման բարբարոսություն: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանում ապրում է շուրջ 118 հազար հաշմանդամ: Ամենախոցելի սոցիալական այդ խավն այսօր ողորմելի թոշակ է ստանում՝ 3000 դրամ: Նախարարությունում շտապեցին հայտնել, որ 2005 թ. ապրիլի 1-ից, այն կավելանա եւս 1000 դրամով: «Ամեն դեպքում դա գումար է», -ասում է նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը: Նրան մենք հանդիպեցինք Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» հասարակական բարեգործական միության շենքում: «Փյունիկը» հաշմանդամների հիմնախնդիրներով զբաղվող այն 20 հ\կ-ներից մեկն է, որը ստեղծվեց 88-ի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո:

Արդեն 16 տարի է անցել երկրաշարժից, սակայն կազմակերպության հոգսերը ոչ թե պակասել, այլ ավելացել են: Միությունը ընդլայնել է գործունեությունը՝ ներառելով ոչ միայն ֆիզիկական, այլեւ լսողական, տեսողական, մտավոր ու հոգեկան թերզարգացած հաշմանդամներին:

Երեկ՝ Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ,միությունում շնորհանդես էր: Ներկայացվում էր սայլակների վերանորոգման նոր արհեստանոցը: Արհեստանոցը, որտեղ պետք է աշխատեն երկու հաշմանդամ երիտասարդներ՝ առաջինն է Հայաստանում, նշում է միության ծրագրերի ղեկավար Ռուզան Ասատրյանը, տեղեկացնելով, որ այդ երիտասարդները իրենց աշխատանքի դիմաց աշխատավարձ կստանան:

Հաշմանդամների ամենախոցելի տեղը, հատկապես երիտասարդների՝ աշխատանքի բացակայությունն է: Ըստ Ջեմմա Բաղդասարյանի խնդիրը նախարարությունը լուծում է մշակելով քաղաքականություն հաշմանդամության ոլորտում: Նաեւ առաջարկում է փոփոխություններ կամ նոր օրենսդրական ակտեր: Երեկ կառավարությունը քննարկել է «Հաշմանդամների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ըստ Ջեմմա Բաղդասարյանի «պետությունը գոնե փաստաթղթի տեսքով ցանկանում է փորձել օրենքը եւս մեկ անգամ համապատասխանեցնել հաշմանդամներին»: Որպես «կոնկրետ գործ» նախարարությունը ըստ վարչության պետի կարողացել է լուծել հաշմանդամների վերականգնողական ապարատներով ապահովման խնդիրը: Հաշմանդամների ազատ տեղաշաժվելու խնդիրը լուծելուն զուգահեռ, նախարարությունում «փորձում են» լուծել նաեւ անվճար բուժօգնություն ստանալու օրենքով հաստատված կարգի կյանքի կոչելը:

Ի՞նչ է անում ԱԺ-ն: Պատգամավոր Արտակ Առաքելյանի խոսքերով «Կրթության մասին» օրենքն է շրջանառվում: Պատգամավորները փորձում են օրենսդրորեն հավասարեցնել ընդունելության քննությունների ժամանակ հաշմանդամ եւ ոչ հաշմանդամ դիմորդների հնարավորությունները: Օրինակ՝ խուլուհամրի, կույրի եւ այլ արատներով երեխաների համար ստեղծվելու են համապատասխան հարմարավետություններ:

ԱԺ նախագահին կից հաշմանդամների խորհրդի համակարգող Առաքելյանը գտնում է, որ հաշմանդամների կենսաթոշակում 1000 դրամ ավելացնելը «ուղղակի ծիծաղելի է», հատկապես երբ դա վերաբերում է աշխատանքում վնասվածքներ եւ մասնագիտական հիվանդություններ ստացած անձանց:

Համաձայնեք, որ առավել ծանր է, երբ երեխան է հաշմանդամը: Բազմաթիվ ծնողներ, այդ թվում նաեւ «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների միությունը հուսով է, որ մի օր կլուծվի իրենց խնդիրը: «Մենք պարտադրված են զբաղվում մեր երեխաների խնդիրներով, որովհետեւ ժամ առաջ ուզում ենք տեսնել հիմնախնդրի լուծումը»,- ասում է միության նախագահ Լեւոն Ներսիսյանը: «Ցանկացած ծրագիր իրագործելիս պետք է հաշվի առնենք այդ իրողությունը եւ ոչ միայն ապահովենք հաշմանդամ երեխայի վերականգնողական հարցը, այլեւ օգնենք ընտանիքին հաղթահարելու այդ հոգսը»:

ՍԱԹԵՆԻԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ