Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՐԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃՈՒՄ Է

Հասարակություն

«Այբ-Ֆե» թերթի նյութերից

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրնէ: Այդ օրը ներկայացվում են հաշվետվություններ, ամփոփվում է վարակի տարածման դինամիկան: Ստորեւ ներկայացնում ենք որոշ տեղեկություններ, որ դուրս են մնացել պաշտոնական հաղորդագրություններից:

ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու են նոր շենքում

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնին տրամադրվել է պրոֆպատոլոգիայի ինստիտուտի` Աճառյան 2 հասցեի շենքը: Հիշեցնենք, որ Պուշկինի 56-Ա հասցեում գտնվող շենքը, որը 2003թ մայիսին հատկացվել էր ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնին, կառավարության 13.05.04 որոշմամբ տրամադրվել է «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» պետական հիմնարկին:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը դժվարացավ նշել, թե ինչքան գումար է անհրաժեշտ շենքը նորոգելու եւ ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար: «Հաշվարկներ դեռ չեն արվել»,- ասաց նա: Վերջինիս խոսքերով, շենքի չորս հարկերի նորոգման համար մրցույթ է հայտարարել ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիրը, եւ 10 օր անց, մրցութային փաթեթները բացելուց հետո, հայտնի կդառնա, թե ինչքան գումարով կնորոգվեն կենտրոնի չորս հարկերը:

Ի դեպ, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար գլոբալ հիմնադրամից Հայաստանին 5 տարվա համար հատկացվելու է 7,2մլն դոլար, որից 3,2մլն-ն արդեն ստացվել է:

Լավ աշխատանքի արդյունք

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրենը հայտարարում է, որ 2004-ին իրենք բավականին աշխատանք են կատարել: Մինչդեռ, ըստ նույն կենտրոնի տվյալների, հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակակիրների այս տարվա ընթացքում գրանցված թիվը ամենաբարձրն է նախորդ բոլոր տարիների ցուցանիշներից:

«Ավելի մեծ հասանելիություն է ստեղծվել ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտություն անցկացնելու համար: Ասում ենք, որ ունենք 10 անգամ ավելի շատ վարակակիրներ, որոնք, սակայն, այսօր չունեն ախտորոշում, կարգավիճակը նրանց հայտնի չէ: Վաղը, եթե կանխարգելիչ միջոցառումների, կրթության շնորհիվ վարակակիրների համար հասանելիությունը մեծանա, կարող է միանգամից մի քանի հոգի գրանցվի. սա ավելի շատ խոսում է կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության, քան վատ աշատանքի մասին: Լավ աշխատանքի շնորհիվ է, որ ավելի շատ վարակակիր ենք գրանցել»,- մեկնաբանեց Սամվել Գրիգորյանը:

ՁԻԱՀ վարակակիրներն էլ են Հայոց Եկեղեցու զավակներ

Հռոմի Պապը հայտարարել է, որ ինքը դեմ է պահպանակներին: Սա ընդամենը պատճառներից մեկն է, որ ՁԻԱՀ/ ՄԻԱՎ-ը ավելի տարածում ունի քրիտոնեական, քան մահմեդական երկրներում: Ի դեպ, ըստ վիճակագրության, ՄԻԱՎ-ն առավել տարածում ունի ամուսնացած, քան չամուսնացած, բայց սեռական կյանքով ապրող կանանց շրջանում:

Արեւելյան Եվրոպայում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի գծով հատուկ հանձնակատար Լարս Օլոֆ Քալլինգսը չբացառեց, որ ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի վարակի դեպքեր արձանագրվել են նաեւ հոգեւորականության շրջանում: «Հոգեւորականի վրա էլ է վիրուսը ազդում: Կապ չունի կյանքում ինչ ես, այլ ինչպես ես քեզ պահում»,-ասաց նա՝ կոնկրետ թիվ չնշելով: Ըստ նրա, հոգեւոր կառույցները պետք է միջոցներ ձեռնարկեն վարակակիրների նկատմամբ խտրականությունը վերացնելու ուղղությամբ: Փորձեցինք ճշտել Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քհն.Մելիքյանի փոխանցմամբ, այս հարցով Հայ Առաքելական Եկեղեցին պաշտոնական դիրքորոշում չի հայտնել: Այս խնդիրը, սակայն, Եկեղեցու ուշադրության կենտրոնում է , եւ «ծրագրավորվում է ՁԻԱՀ-ի վարակակիրների հետ աշխատանքը»: Բոլոր դեպքերում, «անկախ ամեն ինչից, ՁԻԱՀ/ՄԻԱՎ վարակակիրները Հայ Առաքելական Եկեղեցու զավակներ են, եւ հոգ պետք է տարվի նրանց նկատմամբ»:

ԿԱՐԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆ