Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՎԵՑԻՆ 1-ԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ` ԲԱՑԻ 23-ՐԴ ՀՈԴՎԱԾԻՑ

Քաղաքականություն

Այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստը տեւեց 3 ժամ: Պատգամավորները հասցրեցին քննարկել եւ քվեարկել 17 հարց:

Սպասվում էր, որ մինչեւ «Ընտրական օրենսգրքում» լրացումների եւ փոփոխությունների քվեարկությանը ընդդիմությունը վեճի կբռնվի խորհրդարանի մեծամասնության հետ: Օրինագծի քննարկման ավարտին հարցը ներկայացնող Վարդան Բոստանջյանն ասել էր, որ Ընտրական հանձնաժողովների վերաբերյալ 23-րդ հոդվածը մինչեւ երկրորդ ընթերցում չի քվեարկվի: Հետո ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը պնդում էր, որ Բոստանջյանը սխալվել է եւ քվեարկությունից առաջ հետ է վերցնելու իր խոսքերը:

Սակայն ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը կանխեց վեճերը: Նա «Ընտրական օրենսգիրքը» փոփոխելու վերաբերյալ նախագիծը քվեարկության դրեց առանց 23-րդ հոդվածի եւ օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Փաստորեն Վարդան Բոստանջյանը ներողություն չխնդրեց իր քայլի համար: Իր տեսակետը պնդելու համար նա զրկվել է խորհրդարանական մեծամասնության նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ ներկայացնելու իրավունքից: Տիգրան Թորոսյանը տեղեկացնում է, որ «Ընտրական Օրենսգրքի» լրացումներն ու փոփոխություններն այսուհետ ներկայացնելու է ՀՀԿ անդամ Գագիկ Մելիքյանը: ԱԺ փոխխոսնակը նաեւ բացատրում է, որ Ընտրական հանձնաժողովների վերաբերյալ հոդվածը քվեարկվելու է երկու անգամ: Ներկայացվելու է հանձնաժողովների կազմավորման հետեւյալ կարգը. ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների ներկայացուցիչներ գումարած ՀՀ նախագահի երեք ներկայացուցիչ: