Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԱՑՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԽԱՂԱԴԱՇՏԸ

Սպորտ

Այսօր Ագաթանգեղոսի 7 շենքի բակում կայացավ ՈՒԵՖԱ-ի կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային որպես նվեր հատկացված «Փոքր դաշտ» նախատիպի բացման հանդիսավոր արարողությունը: Այն նախատեսվում է ՈՒԵՖԱ-ի 50-ամյակի տոնակատարությունների շրջանակներում «Հեթտրիկ` Փոքր դաշտեր» ծրագրով: Արարողությանը մասնակցեցին հատուկ այդ նպատակով Երեւան ժամանած ՈՒԵՖԱ-ի փոխնախագահ, Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Օմդալը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը եւ այլք:

ՀՖՖ նախագահը նշեց, որ Հայաստանում կառուցվելու են նմանատիպ 40 խաղադաշտ, որոնցից 20-ը Երեւանում, իսկ մնացածը` մարզերում:

Հանդիսության ընթացքում ՈՒԵՖԱ-ի հատուկ պատվոգիրը հանձնվեց «Արաքս» ակումբի նախագահ Աբրահամ Բաբայանին: Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի հոբելյանական հանդիսություններ 2004-ի շրջանակներում անցկացվող «Մասսայական ֆուտբոլի ամառ» ծրագրում «Արաքս» ֆուտբոլային ակումբը ճանաչվել էր որպես մասսայական ֆուտբոլի լավագույն կազմակերպիչ Հայաստանում եւ ի գնահատումն` ՈՒԵՖԱ-ի կողմից արժանացել է հատուկ պատվոգրի: