Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարֆուրի» մուտքը կսպառնա «Երևան սիթիին»

Քաղաքականություն
9d5979c25f1a53892e362e579dc2c0d5

Հարցազրույց Կանադայի «Նախիջևան» գիտաուսումնական կենտրոնի նախագահ, Մոնրեալի «Քվեբեկ» համալսարանի միջազգային հարաբերությունների մագիստրոս, քաղաքագետ Անդրանիկ Պետրոսեանի հետ

Պարոն Պետրոսեան, Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ Հայաստանում կարծիքները հիմնականում բևեռացված են: Ոմանք ասում են, որ Հայաստանը կորցնելու է իր ինքնիշխանությունը, պետականությունը, կապիտուլյացիայի է ենթարկվելու: Մյուսներն ասում են, որ Հայաստանը կլինի ավելի պաշտպանված ռազմական տեսանկյունից և կզարգանա տնտեսապես: Ո՞րն է Ձեր կարծիքը:

Թե եվրոպական ասոցիացիայի ծրագիրը, թե Մաքսային միության ծրագիրը առաջին հերթին խնդիր ունեն լուծելու Եվրոպական միության և Ռուսաստանի տիրապետող կապիտալի մրցակցական և հարստության վերաբաժանման հարցերը: Անոնք Եվրոպայի ժողովուրդներու և Ռուսաստանի ժողովուրդին շահերուն հետ առնչություն չունին: Գործող համաշխարհայնացած կապիտալիզմի համակարգի մեջ Եվրամիության կառույցները, Ռուսաստանի և Հայաստանի պետությունները գլխավորաբար կցոլացնեն տիրապետող կապիտալի դասակարգային շահերը:

Հայաստանի օլիգարխները մրցակցություն կզգան եվրոպական կապիտալի ուժերեն, քանի որ եվրոպական կազմակերպված կապիտալը եթե մտնե Հայաստան, ինքնաբերաբար մրցակցության ճանապարհով կրնա տկարացնել կամ դուրս մղել Հայաստանի օլիգարխները: Օրինակ, «Կարֆուրի» հավանական մուտքը Հայաստան կսպառնա «Երևան սիթիին» և անոր ետին կանգնած օլիգարխի բարգավաճման: Բնական է, որ Հայաստանի օլիգարխիան նախընտրե ռուսական կապիտալին հետ գործել, քանի աշխատանքային մշակույթները համահունչ են իրարու, և կարող են յոլա գնալ:

Իսկ գալով ինքնիշխանության՝ կուզեմ ըսել, որ նախ, ինքնիշխանությունը բացարձակ արժեք չէ, այսօր հարաբերական է: Երկրորդ՝ Հայաստանը ինքնիշխանութենեն մաս մը կորսնցուցած է արդեն, երբ դարձավ Միջազգային առևտուրի կազմակերպության անդամ: Հայաստան ծանր պարտքի տակ է: Թե եվրոպական ասոցիացիայի և թե Մաքսային միության պարագային ինքնիշխանության մասնակի կարուստ պիտի ըլլա: Որևէ պետության համար վերպետական և վերազգային կառույցներու անդամակցություն թե խոր գործակցություն կենթադրե ինքնիշխանության որոշ իրավունքներե զիջում կամ հրաժարում:

Ինքնիշխանությունը «բացարձակ արժեք չէ» զարգացո՞ղ երկրների համար, ինչպիսին, օրինակ, Հայաստանն է, թե՞ բոլոր երկրների համար, այդ թվում մեծ տերությունների:

Բոլոր պետություններուն համար ինքնիշխանությունը բացարձակ չէ: Բայց մեծ տերությունները, հիմք ունենալով իրենց ներքին կարողականությունները և տեղը միջազգային համակարգին մեջ, ինքնիշխանության գետնի վրա հարաբերականորեն գործելու ավելի լայն շրջագիծ ունին, հատկապես ինքզինքնին ուրիշներու պարտադրելու գծով: Այսօր կտեսնենք, թե ինչպես գերմանացիները կարող են իրենց կամքը և լուծումները պարտադրել Հարավային Եվրոպայի երկիրներուն (Հունաստան, Իտալիա, Սպանիա, Պորտուգալ) Եվրոպական միության ճամփով: Այստեղ գերմանական կապիտալը ինքզինք կպարտադրե Եվրամիության անդամ շատ մը երկիրներուն:

Պարոն Պետրոսեան, Ռուսաստանից Հայաստանի կախումը ընդունելի՞ չափերի է՝ հաշվի առնելով հանդերձ Հայաստանի քաղաքական դաշտում հնչող այն հայտարարությունները, որ «դարավոր կապեր ունենք», «Ռուսաստանի պես մեծ երկրի հետ չենք կարող հավասարը հավասարի պես խոսել»:

Այս հարցը առնչություն ունի 1991-են ի վեր աշխարհի և Հայաստանի պարտադրված համակարգին՝ նեոլիբերալիզմին հետ: Տնտեսության ապականոնակարգումը, մասնավորեցումը հիմնական միջոցներեն մին է կապիտալիզմ հաստատելու և տարածելու: Համաշխարհային դրամատան պայմաններեն մին էր հանրային խոշոր սեփականությունը մասնավորեցնել՝ ի նպաստ անդրազգային կապիտալին: Հայաստանի պարագային մրցակցությունը կընթանար ռուսական, եվրոպական և ամերիկյան կապիտալի միջև: Այդ գործընթացներուն իբրև արդյունք, հատկապես վերջին 15 տարիներուն հանրային խոշոր սեփականության փոխանցումը Ռուսաստանին, Հայաստանը դրավ այս կախյալ վիճակի մեջ:

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գործնական առումով չեն կարող հավասար դիրքերե մեկնիլ, քանի Ռուսաստանը մեծ պետություն է: Նույնը պիտի ըլլար նաև Հայաստան-ԱՄՆ հարաբերություններու պարագային: Երբեք պետք չէ կարծել, որ ամերիկացիները կամ եվրոպացիները կվարվին Հայաստանի հետ «հավասարե հավասար» ձևով: Հաճախ նշմարված է, որ Եվրամիության պաշտոնատարները երբ Հայաստան կայցելեն, կվարվին այնպես, կարծեք գաղութարար պաշտոնյաներ են, եկած են Հայաստանին հրահանգ տալու:

Այն, որ եվրոպական կառույցները միշտ «մեկ քայլ առաջ» են գնահատում հայաստանյան ընտրությունները՝ չնայած տեղական դիտորդներն արձանագրում են զանգվածային կոպիտ խախտումներ, արդյոք դեր ունի՞ նրանում, որ հայաստանցիներն այնպես չեն արտահայտում իրենց անհամաձայնությունը ՄՄ-ին անդամակցելուն, ինչպես, օրինակ, ուկրաինացիները:

Եվրոպացի դիտորդները իրենց դիրքորոշումներուն մեջ անկողմնակալ չեն: Անոնք երբ որ Հայաստանի ընտրությունները կտեղեկագրեն ավելի չափավոր ձևով, այդ կբխի եվրոպական շահերեն, որովհետև իրենք ակնկալություններ ունին Հայաստանի իշխանությունեն: Եթե ընտրություններեն առաջ Հայաստանի իշխանությունները հայտարարեին իրենց դիրքորոշումը Մաքսային միության մասին, թերևս եվրոպացիները ավելի կոպիտ տեղեկագիր հրապարակեին:

2013թ. ընտրությունները եվրոպական դիտորդները գնահատեցին «մեկ քայլ առաջ»՝ Ձեր գնահատմամբ, հանուն իրենց շահերի: Բայց Հայաստանը որոշեց անդամակցել ՄՄ-ին: Կարո՞ղ ենք ասել, որ եվրոպացիների ակնկալիքները խաբվեցին:

Ճիշտ է, որ եվրոպացիները իրենց ակնկալություններու մեջ չստացան այն, ինչ կսպասեին: Բայց եվրոպացիները իրենց շահերը ունին այս շրջանին մեջ: Սկիզբը անոնք ավելի զգուշավոր էին: Հարավային Կովկասի մեջ իրենց ծրագիրներու հետապնդումը կկատարվեր՝ ռուսական ներկայությունը ընդունելով որպես բաժնեկից և շահակից: Անշուշտ, եվրոպական ծրագիրներուն ետին կային և կան նաև ամերիկացիները: Հետագային տնտեսական, աշխարհաքաղաքական և անվտանգության այս մրցակցային և հակասական գործընթացներուն մեջ եվրոպացիներու ծրագիրները ավելի խորքային բնույթ առին: Ռուսաստանը այս բոլորին մեջ տեսավ զինք շրջափակելու և նույնիսկ դուրս մղելու միտումներ: Ինչ որ զինք մղեց ավելի կոպիտ դիրքեր ցուցադրելու Հարավային Կովկասի մեջ նախապես Վրաստանի, այսօր ալ Հայաստանի նկատմամբ:

Ասացիք, որ եվրոպացիների ծրագրերի հետևում պետք է ամերիկացիներին տեսնել: Հակառակ մի տեսակետ է հայտնել հայաստանցի բլոգեր Սամվել Մարտիրոսյանը: Նա ֆեյսբուքյան իր էջում կարծիք է հայտնել, որ անգլոամերիկյան դաշինքն ամեն ինչ անում է, որ նորից ռուսական կայսրություն ձևավորվի, իսկ եվրոպացիները չեն հասկանում, թե ինչ է իրենց պետք: Ձեր կարծիքով հնարավո՞ր է, որ ՄՄ-ն և Եվրասիական միությունը ձեռնտու լինեն ԱՄՆ-ին և Անգլիային:

Այս պարզապես վարկած է և չէ հիմնավորված: Անշուշտ թե աշխարհաքաղաքական առումով անգլոամերիկյան դաշինքը պիտի ձգտեր Ռուսաստանն օգտագործել՝ իսլամական աշխարհը և նաև Չինաստանը պաշարելու հյուսիսեն և ոչ սակայն ունենալ իբրև լուրջ մրցակից: Սակայն Ռուսաստանը ունի իր ծրագիրները և միջազգային թատերաբեմին վրա իր տեղը գրավելու դիտանկյունը: Առավել ևս, աշխարհ այսօր կընթանա բազմաբևեռ ուղղությամբ: Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և ուրիշ երրորդ աշխարհի պետություններ այդ կազմավորվող բազմաբևեռ աշխարհի կարևոր դերակատարները կոչված են ըլլալու Եվրոպայի և ԱՄՆ-ի կողքին: Միջազգային քաղաքականությունը կարիքը ունի այդ հավասարակշռության, որ խանգարված է Խորհրդային Միության փլուզումեն ի վեր:

Հայաստանի պարագային ես կողմնակից եմ բոլոր կողմերու հետ տնտեսական հարաբերություններու զարգացման՝ Եվրոպայի, Ռուսաստանի, Իրանի հետ: Աշխարհաքաղաքական գետնի վրա, սակայն, Հայաստանը ստիպված պիտի ըլլա շարժվելու եվրոպացիներու ակնկալութենեն տարբեր ձևով: Հարավային Կովկասը Ռուսաստանի և Իրանին մոտ տարածաշրջան է, և Հայաստան, հիմք ունենալով իր աշխարհաքաղաքական և անվտանգության շահերը, պարտավոր է հաշվի առնելու Ռուսաստանի և Իրանի այս ոլորտներեն եկող շահերը և անոր համապատասխան քաղաքականություն վարելու:

Պետք չէ նաև մտահան ընել Արցախի հարցը: Միջազգային զինվորական ուժերու մուտք ազատագրված տարածքներ իր հետ պիտի բերե անոնց մեծամասնության կորուստը:

Հայաստան պետք է կարողանա ինք զարգացնել իր տնտեսական, աշխարհաքաղաքական և անվտանգության ուղիները՝ հաշվի առնելով տարածաշրջանի զարգացումները: Այսինքն՝ պետք չէ սպասել, որ եվրոպացին կամ ռուսը ծրագրեն, թե Հայաստանը ինչպես պետք է ոտքի կանգնեցնել: Հայաստանի ժողովուրդը սփյուռքահայության մասնակցությամբ գլխավոր պատասխանատուն է այդ վերականգման ու փրկության:

Հարցազրույցը՝ Սոնա Ավագյանի

23