• Նոր անձնագրեր` հունվարի մեկից (տեսանյութ)

    2014թ. հունվարի մեկից ՀՀ քաղաքացիները կունենան նոր անձնագրեր՝ նույնականացման եւ կենսաչափական քարտեր։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը։

    Նույնականացման քարտի պետական տուրքը 3000 դրամ է, իսկ կենսաչափական տվյալներով անձնագրերի պետտուրքը՝ 25 հազար դրամ։

    «Եթե քաղաքացին ցանկանում է ավելի շուտ ստանալ իր քարտը, ապա պետք է ավել վճարի։ Մեկ աշխատանքային օրում՝ 20000 դրամ, երեք աշխատանքային օրում ստանալու համար՝ 10 հազար դրամ, իսկ հինգ աշխատանքային օրում ստանալու դեպքում՝ 5 հազար դրամ»,-ասաց պարոն Մուրադխանյանը։

    Պարոն Մուրադխանյանը միաժամանակ նշեց, որ հունվարի մեկից նույնականացման քարտեր կարող են ձեռք չբերել այն քաղաքացիները, որոնց անձնագրերի ժամկետը դեռ չի ավարտվել։

    Նույնականացման քարտեր կարող են ձեռք չբերել նաեւ երեխաները, որոնց կարող է տրվել նախկին նմուշի անձնագիր, քանի որ դրանք տրվում են երեք տարի ժամկետով։ Նույնը վերաբերում է նաեւ նախազորակոչային՝ 16 տարին լրացած քաղաքացիներին։ Աղքատության նպաստ ստացող ընտանիքի անդամները եւ 16 տարին լրացած անձինք նույնականացման քարտեր կստանան անվճար։

    Հայաստանում այսօր 91 հազար քաղաքացի ունի նույնականացման քարտ, իսկ 4500-ից ավելին՝ կենսաչափական անձնագիր։

    Ի դեպ, նույնականացման քարտն իր մեջ պարունակում է էլեկտրոնային ստորագրություն, որի շնորհիվ քաղաքացին կարող է համակարգչի միջոցով կատարել գործարքներ:

     

     

     

     

     

     

  •