Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շքանշաններ՝ Աշոտյանին ու Միրզախանյանին

Պաշտոնական
132ba45716c717b677c473964d477186

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակում Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական և Օուլուի համալսարանների կողմից կազմակերպված գիտաժողովին:

Նախարար Ա. Աշոտյանը հատուկ շեշտել է, որ Համաշխարհային բանկը վերջին 20 տարվա ընթացքում լուրջ աջակցություն է ցուցաբերել ՀՀ կրթական համակարգում սկիզբ առած փոփոխություններին: «ՀԲ-ն Հայաստանի կրթական համակարգի ամենակարևոր գործընկերներից է, որի հետ աշխատանքն արդյունավետ է եղել: Մեզ հաջողվել է համատեղ գտնել խնդիրները, տալ համապատասխան ախտորոշում և ներգրավել համաշխարհային լավագույն մասնագետներին` լուծման համար: Ես կարծում եմ, որ ՀԲ-ի հետ համագործակցության այս ձևաչափը շարունակելու ենք նաև հետագա տարիներին»,- նշել է նախարարը` հավելելով, որ նախապատրաստվում է ՀԲ-ի հետ նոր վարկային ծրագիր:

Նախարարը նշել է, որ նոր վարկային ծրագիրը կյանքի կկոչվի 2014-18 թվականներին, նախնական բանակցային աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
Համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև ՀԲ ներկայացուցիչ Քրիստիան Այդեն և Օուլուի համալսարանի ռեկտոր Լաուրի Լայյունեն: Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն իր խոսքում նշել է, որ համագործակցությունը շահեկան է եղել ինչպես մանկավարժական, այնպես էլ Օուլուի համալսարանի համար: Եռամյա ծրագրի արդյունքում մանկավարժական համալսարանում ներդրվել է ուսանողական մասնագիտական պրակտիկայի կազմակերպման նոր մոդել:

Համաժողովի ընթացքում Օուլուի համալսարանի ռեկտոր Լ. Լայյունեն` կրթական արդյունավետ համագործակցության համար ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանին և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռ. Միրզախանյանին հանձնել է Օուլուի համալսարանի շքանշան:

ՀՀ ԿԳՆ