Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ շրջանավարտները կաշխատեն արտերկրում

Հասարակություն
ffd19477624e421ae1003e885d86148e

Հայաստանի բուհերի լավագույն շրջանավարտներին աշխատանք կառաջարկվի միջազգային կազմակերպություններում։ Արդեն մեկ տարի է՝ մեկնարկել է «Հայաստանում մարդկային կապիտալի գնահատման և շրջանավարտների զբաղվածությանն ուղղված բարձրագույն կրթության ցանց» նախագիծը։

Այսօր Երևանում նախագծի մեկ տարվա աշխատանքների ամփոփմանը ներկա Բոլոնիայի համալսարանի ներկայացուցիչ Անդրեա Կամելիի խոսքերով, նախքան հայ շրջանավարտներին աշխատանքով ապահովելը, ստեղծվում է նրանց տվյալների բազան։

Արդյո՞ք ծրագիրը չի նպաստի մեր լավագույն մասնագետների արտահոսքին։
«Իհարկե, սա այս ծրագրի կարևոր բաղադրիչն է, և ես պետք է ասեմ, որ իտալացի շրջանավարտներից շատերն աշխատում են ավելի զարգացած երկրներում»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Բոլոնիայի համալսարանի ներկայացուցիչ Անդերա Կամելին։

Ծրագրի շրջանակներում նաեւ հայ գործատուները կարող են արտասահմանյան բուհերի լավագույն շրջանավարտներին աշխատանք առաջարկել։ Ծրագրով ոգեւորված է նաեւ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։

«Գործատուները հույսով մտել են այս ծրագրի մեջ, որպեսզի ընտրության հարցում իրենց էլ հեշտ լինի»,-«Ա1+»-ին հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի խորհրդական Հովսեփ Պողոսյանը։

Ծրագրով արդեն ընտրվել են հայաստանյան 8 բուհեր (Երևանի պետական համալսարան, Հայաստանի տնտեսագիտության պետական համալսարան, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, Հայաստանի ճարտարագիտության համալսարան, Հայաստանի ագրարային համալսարան, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, Գավառի պետական համալսարան, Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական պետական ինստիտուտ), որոնց շրջանավարտների տվյալները կընդգրկվեն «Հայաստանում մարդկային կապիտալի գնահատման և շրջանավարտների զբաղվածությանն ուղղված բարձրագույն կրթության ցանց» նախագծի բազայում։

Ներկայացված մոդելը կրկնօրինակելու է Բոլոնիայի Ալմա-Լաուրեա միջհամալսարանական կոնսորցիումի կողմից ստեղծված և Իտալիայում ու այլ երկրներում գործող նմանատիպ մոդելը։