Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄՄ-ին զուգահեռ երկխոսություն Եվրոպայի հետ:

Քաղաքականություն
3eb3c5903f349fd2e1d2d5e2e83f367e

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 20-ին այցելեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, որտեղ հանդես եկավ «Հայաստանը եւ աշխարհաքաղաքական զարգացումները» թեմայով դասախոսությամբ:

Դասախոսության ժամանակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային վերջին զարգացումներին, մասնավորապես Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանն անդրադառնալիս ԱԺ փոխնախագահն առանձնացրեց դրա քաղաքական, տնտեսական, ռազմավարական եւ մշակութային բաղադրիչները: Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է, եւ երկկողմ հարաբերությունները շարունակում են սերտանալ բոլոր ուղղություններով:

Նա նշեց, որ Մաքսային միությանն անդամակցելուն զուգահեռ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու քաղաքական երկխոսությունն իր եվրոպացի գործընկերների հետ:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորեց նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների հանդիպումը՝ նշելով, որ բանակցությունների վերսկսումն ինքնին դրական երեւույթ է:

Նրա համոզմամբ՝ ԼՂ բանակցություններում լուրջ շրջադարձ կարող է լինել միայն այն դեպքում, երբ ԼՂՀ-ը դառնա բանակցությունների լիարժեք կողմ: ԱԺ փոխնախագահը հավելեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն ու ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունեն:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում Էդուարդ Շարմազանովն անթույլատրելի համարեց Թուրքիայի կողմից հայ-թուրքական սահմանի վերաբացումը ԼՂ հակամարտության կարգավորման հետ շաղկապելը:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի բնորոշմամբ՝ Հայաստանի եւ Սփյուռքի հետ Թուրքիայի պատմական հարցերի կարգավորմանն անդրադառնալիս ԱԺ փոխնախագահը նշեց, որ Հայոց ցեղասպանությունն անհերքելի փաստ է, եւ նրա եղելությունը քննարկման առարկա դառնալ չի կարող: