Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞Վ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԱՑՆՈՒՄ ՌՈՒԲԻԼՆԻԿՆԵՐԸ...

Քաղաքականություն

Մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ hանդիպումներ են եղել, բազմաթիվ առաջարկներ,-ասում է Ա1+-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը: Մենք մերժել ենք. ոչ այն պատճառով, որ շատ ինքնասեր ենք, կամ չենք հարգում ինչ-որ մարդկանց: Պարզապես մենք ունենք մեր ճանապարհը, մեր ռազմավարությունը, որից չենք կարող հրաժարվել: Եթե այն սխալ է, ապա հեռուստաընկերությունն ինքնստինքյան կփակվի, սակայն եթե մենք կայինք, նշանակում է, որ մեր ընտրած ճանապարհը ճիշտ էր: Ոչ մեկը իրավունք չունի կանգնեցնել արդեն աշխատող մեխանիզմը:

Ա1+-ի հաղորդակն էլ անջատվել է ապօրինաբար, շեշտում է Մեսրոպ Մովսեսյանը: Եվ այն, որ մինչ օրս ալիքը դատարկ է, ապացուցում է, որ կատարվել է անօրինականություն: Դա էլ մի յուրահատուկ ցինիզմ է, ցինիզմ ժողովրդի հանդեպ:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն իրավունք չուներ զանգահարել «Հայաստանի հեռուստատեսային ցանց» ընկերություն եւ պահանջել անջատել Ա1+-ի հաղորդակը: Առնվազն տարօրինակ է կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի հայտարարությունը, թե «ես միայն ռուբիլնիկ անջատողն եմ, փնտրեք միացնողին»:

Ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա Ա1+-ի տնօրենը անուններ չտվեց՝ պահպանելով գաղտնիության սկզբունքը: Միայն հաստատեց, որ հանդիպումները եղել են բարձր մակարդակում, եղել են շատ առաջարկներ, պայմանով, որ Ա1+-ը դադարեցնի պայքարը: