Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

6 ՆԱԽԿԻՆ ԱԺՄ-ԱԿԱՆՆԵՐԸ` ԱՅՍՕՐ 6 ՏԱՐԲԵՐ ԹԻՄԵՐՈՒՄ

Քաղաքականություն

ԱԺՄ խմբակցության ղեկավար, նախկին աժմ-ական Սեմյոն Բաղդասարյանը չի անդամակցի ՀԺԱՄ-ին: Նա ԱԺՄ-ից անջատված Հայաստանի Ժողովրդավարական ազատական միության նախաձեռնողներից էր: Անցյալ տարի նաեւ նրա ակտիվ ջանքերի շնորհիվ ստեղծվեց ՀԺԱՄ-ը:

Սակայն այսօր Սեմյոն Բաղդասարյանը լրագրողներին հայտարարեց, որ չի լրացնելու ՀԺԱՄ անդամակցելու դիմումը եւ փաստորեն դուրս է մնալու այդ կուսակցությունից: Այս հայտարարությունից հետո Բաղդասարյանը արագ, գրեթե վազելով հեռացավ եւ չպատասխանեց լրագրողների հարցերին:

Անցյալ տարի ՀԺԱՄ-ին անդամակցելուց հրաժարվել էր նաեւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկայնին դեմ գնացող եւ ՀԺԱՄ-ականների գործընկեր մեկ այլ նախկին աժմ-ական՝ Ֆիլարետ Բերիկյանը: Հետո Բերիկյանը անդամակցեց ՀՀԿ-ին:

Այսպիսով, 99թ-ին ԱԺՄ խմբակցությունը խորհրդարանում ուներ 6 պատգամավոր, որոնք բոլորն էլ ԱԺՄ անդամ էին: Այսօր խորհրդարանում կա ընդամենը մեկ աժմ-ական պատգամավոր՝ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը: Մնացած 5 նախկին աժմ-ականները տարբեր թիմերում են. Սեյրան Ավագյանը ՀԺԱՄ նախագահն է, Շավարշ Քոչարյանը՝ ԱԺԿ, Արշակ Սադոյանը՝ ԱԺԴ: Ինչպես նշեցինք, Ֆիլարետ Բերիկյանը դարձել է հանրապետական, իսկ Սեմյոն Բաղդասարյանն առայժմ անկուսակցական է: