Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՆ ... ԱՅՍ ԱՆԳԱՄ ՄԱՏՆԱՆՇԵԼ «ՄԱՄՈՒԼԻ ԹՇՆԱՄՈՒՆ»

Քաղաքականություն

Վաղը մամուլի պաշտպանության միջազգային օրը լրագրողները կանցկացնեն «Ա1+»-ի փակման եւ «Լրատվամիջոցների մասին» օրինագծի դեմ ուղղված բողոքի միջոցառումներ՝ երթ եւ ցույց, Հայաստանում առաջին անգամ կշնորհվի «մամուլի թշնամի» մրցանակ:

Խորհրդարանական խումբ-խմբակցություներից եւ ոչ մեկը չցանկացավ նշել, թե Հայաստանում ում է համարում մամուլի թշնամի: «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը խոստովանեց, որ կարող էր ասել, թե ովքեր են ժամանակին խոչընդոտել Հայաստանում ազատ մամուլի կայացմանը, սակայն նա գերադասեց լռել, քանի որ «այդ մարդիկ անցյալում են»: Ըստ Վարդանյանի այսօր խոսքի ազատությունը Հայաստանում վտանգված չէ: «Հայաստան» խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանն էլ գիտի, թե ով է մամուլի թշնամին, սակայն անուններ չի տալիս եւ խոսքն ուղղում է լրագրողներին՝ «դուք ինձնից լավ գիտեք»: «Օրինաց երկիրը» եւ «Ժողպատգամավորը» դժվարացան նշել, թե ում են համարում մեզանում խոսքի ազատության գլխավոր թշնամուն: Իսկ ԱԺՄ-ից դուրս եկած, սակայն, որպես «ԱԺՄ» խմբակցության ղեկավար պաշտոնավարող Սեմյոն Բաղդասարյանը մամուլի համար մեկ թշնամի է համարում ոչ պրոֆեսիոնալ լրագրողներին: ՀԿԿ խմբակցության ղեկավար Ֆրունզե Խառատյանի դիրքորոշումը ավելի արմատական է՝ «բուրժուական հասարակարգում մամուլի ազատությունն անհնար է»: «Ագրոարդյունաբերողների» ղեկավար Հմայակ Հովհաննիսյանն էլ հարցին տվեց խոհափիլիսոփայական պատասխան «մամուլի թշնամին խավարամտություն է»: