Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բյուջեի ստվերային մասն իրական մասից ավելի է»

Քաղաքականություն
77275cd2bce534e1dcf6bf42221c6c46

ԱԺ-ում այսօր 2014թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը ներկայացվեցին տնտեսական ոլորտներն ամբողջությամբ:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Էկոնոմիկայի նախարարության ծախսային ու եկամտային մասի քննարկման ժամանակ նշեց, որ դեռ թարմ են հիշողությունները Վերահսկիչ պալատի սկանդալային զեկույցի վերաբերյալ, թե ինչպես են օգտագործվում պետական բյուջեի գումարները, ինչպես էին դրանք մսխվում. «Մենք խոստացանք, որ ավելի լուրջ պատկեր ձեզ պետք է ցույց տայինք, որ ամենամեծ թալանը գնում է մինչեւ բյուջե հասնելը: Վերջերս հրապարակվեցին բավականին լուրջ կազմակերպությունների հաշվարկներ, որից հետեւում է, որ ձեր նախարարությունը լավ չի հաշվարկել եկամտային մասը. ՀՀ-ում տնտեսությունը կենտրոնացել է մի քանի ընտանիքների ձեռքում, որոնք ապօրինություններից են օգտվում ու հարկեր չեն մուծում՝ գործում է ստվերային տնտեսություն, որը չի ներկայացվում ու հարկվում եւ որն ավելի մեծ է, քան իրական մասը»:

Պարոն Զուրաբյանին հետաքրքրում էր՝ արդյոք Էկոնոմիկայի նախարարությունը նման հաշվարկներ արե՞լ է ու ի՞նչ բացատրություններ ունի այս հաշվարկների մասին: Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունեց, որ եկամուտների տեսանկյունից խնդիր կա. «ՀՀ-ում մեր նախարարությունը երբեւիցե չի զբաղվել եկամուտներով, թեեւ հիմա ցանկանում ենք: Մակրո մակարդակի վրա ես համաձայն եմ ձեր գնահատականների հետ»:
Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ԱԺ լիագումար նիստի ընթացքում նախարարը դեռ կտա իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները:
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը, դիմելով Լեւոն Զուրաբյանին, որն այդ պահին արդեն լքում էր դահլիճը, ասաց. «Էդ լավ է, որ դուք բոլոր դեսպանների հետ շփվում եք, սակայն ծախսային ու եկամտային մասով դեռ քննարկումներ կունենանք»:

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին հետաքրքրում էր՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին ինչ աջակցություն է լինելու եւ արտահանմանն ուղղված ինչ ծախսեր են լինելու ընդհանրապես, ինչ խթանման միջոցներ կան ու ինչպես է տեսանելի լինելու արտահանմանն ուղղված աջակցությունը:

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարեց, որ իրենք դեռ աշխատում են արտահանմանն ուղղված ծրագրի վրա, եւ այն հիմնականում միտված է լինելու շնորհանդեսների կազմակերպմանը, որպեսզի ապրանքները ճիշտ ներկայացվեն. վարկավորման սուբսիդավորմանը, որի համար կտրամադրվի շուրջ քսան մլն դրամ, միջազգային ցուցահանդեսների անցկացմանը՝ 130 մլն դրամ, վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը՝ հինգ վերապատրաստման համար 35 մլն դրամ, ինչպես նաեւ՝ ստեղծվել է արտահանման խթանման հիմնադրամ:

Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ իր հարցերին որեւէ կոնկրետ պատասխան չլսեց՝ գերակա ուղղություն հայտարարված ՏՏ ուղղությամբ: