Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ու՞մ է պետք վստահել գումարը

Հասարակություն
02c55b0ae91c2ab0fbe03f6ecf6fd96d

10 հազար ռուբլի: Հենց այսքան գումար է խորհրդային բանկին վստահել 80 ամյա Վազգեն պապը՝ իր արժանապատիվ ծերությունն ապահովելու համար։ Մինչ օրս ոչ մի համարժեք դրամ հետ չի ստացել։

«Ներդրել էի, որ նեղ ու լայն օրերին ինձ պետք գար»,- ասում է Վազգեն պապը։

Վազգեն Ասլիկյանը 41 տարի աշխատել է դպրոցում՝ որպես ուսուցիչ, փոխտնօրեն, այնուհետեւ՝ տնօրեն։ Այսօր մեծ ցավով խոստովանում իր նման հազարավոր մարդիկ խաբված են. նրանց արդար քրտինքը ջուրն է ընկել։

«Անկախությունը եկավ եւ իր հետ բերեց բազմաթիվ թշվառություններ։ Ես այնքան դժգոհ եմ մեր այսօրվա ղեկավարությունից, որ անգամ եռագույնով չեմ ուրախանում»։

Ավանդների վերադարձման հարցով Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը բազմաթիվ դիմումներ է ստացել եւ շարունակում է ստանալ։

«Մենք նրանց ուղղորդում ենք համապատասխան իրավասու մարմին, որպեսզի կարողանան համապատասխան խնդրի լուծումը ստանալ»,-նշեց ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ներկայացուցիչ Լիլիթ Սիմոնյանը։

Ի դեպ, այսօր՝ հոկտեմբերի 31-ին աշխարհը նշում է Խնայողությունների համաշխարհային օրը։ Օրվա առիթով Հյուսիսային պողոտայում միջոցառում էր կազմակերպվել, որին ներկա էր նաեւ Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը, որն օրը կարեւորեց իր տեսանկյունից. «Հայերը ուտող-խմող ազգ են եւ մեկ-մեկ էլ կարեւորում ենք այդ ուտել-խմելը, ի տարբերություն բոլոր այն ծառացած խնդիրների, որ կան մեր ժողովրդի առջեւ»։

Պարոն Ճզմաչյանի խոսքերով՝ վերջին 3-4 տարվա ընթացքում մարդկանց վստահությունը բանկերի նկատմամբ մի քանի անգամ մեծացել է։

Տնտեսագետ Սամվել Ավագյանի տվյալներով՝ այսօր բանկերում խնայողությունների ծավալը գերազանցում է 1 տրիլիոն դրամը։ Նա քաղաքացիներին խորհուրդ է տալիս. «Եթե խնայողությունների ծավալը մեծ է՝ մի մասը վստահել բանկերին։ Այսօրվա դրությամբ փոխանցման հետ կապված, վճարումների հետ կապված, լուրջ խնդիրներ չեն առաջանում»։

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը խոստովանում է՝ ինքն ունի խնայողություններ, բայց փոքր եւ դրանք պահում է բանկում: Իսկ մեծ գումարներ ունեցողներին խորհուրդ տալիս դրանք պահել պետական պարտատոմսերում. «Որովհետեւ դա ամենահուսալի միջոցն է գումարներ պահելու համար Հայաստանի Հանրապետությունում։ Դոշակների տակ պահել պետք չէ, որովհետեւ դա եկամուտ չի բերում»։