Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԼԱՏԵՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է

Սպորտ

Հետեւելով ֆուտբոլի բարձրագույն խմբի Հայաստանի առաջնության ընթացքին, եւ փաստելով դեռ առաջնությունը չավարտված «Փյունիկի» փաստացի չեմպիոն դառնալու հանգամանքը, ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը` «Իմ թանկագին բարեկամ» հատուկ գրությամբ, շնորհավորական հեռագիր է հղել ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանին եւ «Փյունիկ» ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանին:

ՖԻՖԱ-ի նախագահը շնորհավորել է «Փյունիկ» ակումբին` չորրորդ տարին անընդմեջ, եւ ակումբի պատմության մեջ 7-րդ անգամ Հայաստանի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ:

ՖԻՖԱ-ի նախագահն իր ջերմագին ողջույններն է հղել չեմպիոն թիմի ֆուտբոլիստներին, մարզիչներին, տեխնիկական անձնակազմին, ինչպես նաեւ «Փյունիկի» երկրպագուներին, քանի որ բոլորն էլ իրենց արժանի ներդրումն ունեն ակումբի հաջողության եւ չեմպիոնության հարցում:

ՖԻՖԱ-ի` մեծ ֆուտբոլային ընտանիքի անունից Յոզեֆ Բլատերը շնորհակալություն է հայտնել «Փյունիկից»` լավ խաղով ֆուտբոլի երկրպագուներին հաճույք ու բավականություն պարգեւելու համար, միեւնույն ժամանակ նորանոր նվաճումներ մաղթելով Հայաստանի չեմպիոնին, թե ներքին առաջնությունում եւ թե միջազգային մրցասպարեզներում: