Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԴԵՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆՔ 2-ՐԴ ՏԵՂԻՆ

Սպորտ

Չնայած շախմատի Հայաստանի հավաքականը օլիմպիադայի 12-րդ տուրում չկարողացավ հաղթել ԱՄՆ-ին, սակայն մեր թիմը միավորներով հավասարվեց Ռուսաստանին, որը 1.5 - 2.5 հաշվով պարտվեց Վրաստանին: Այժմ Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականները 31-ական միավոր են վաստակել, սակայն լրացուցիչ արդյունքներով 2-րդ տեղում է Ռուսաստանը, իսկ ահա չեմպիոնի կոչումը ապահովել է Ուկրաինան, որը 3.5 միավորով առաջ է անցել այս թիմերից:

Միաժամանակ 4-րդ տեղում ընթացող Իսրայելը ընդամենը կես միավորով է ետ մնում Հայաստանին, այնպես որ նախավերջին 13-րդ տուրում հայ գրոսմայստերները շատ ուշադիր պետք է հանդես գան Ֆրանսիայի հետ կայանալիք մրցավեճում:

Կանանց հավաքականը 12-րդ տուրում 0.5 - 2.5 հաշվով զիջեց Սլովենիային եւ վերջնականապես զրկվեց մրցանակին տեղ գրավելու հնարավորությունից: Մեր կանայք այժմ 19-րդ տեղում են, իսկ չեմպիոնի կոչումը ապահովել է Չինաստանը: