Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՅԻՍԻ 1-ԻՆ ԿԱՏԱՂԱԾ ՑՈՒԼԵՐԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՉԵՆ ՍՊԱՍՈՒՄ

Քաղաքականություն

Պատգամավոր Ստեփան Զաքարյանը Ազգային Ժողովի հայտարարությունների իրեն հատկացված ժամանակահատվածը նվիրեց «Այբ-ֆե»-ին: Նա ընթերցեց մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության միջազգային օրը լրագրողների կազմակերպելիք միջոցառումների ծրագիրը: Ինչպես հայտնի է այդ օրը լրագրողները բողոքելու են «Ա1+»-ի փակման եւ «Լրատվամիջոցների մասին» օրենքի դեմ:

Իսկ Արշակ Սադոյանը դիմում էր հեռուստադիտողներին եւ խնդրում էր չլինել օրինապահ: Նա քաղաքացիական անհնազանդության կոչ էր անում: Սադոյանին զայրացրել է «Ընտրական օրենսգիրքը» լրացնելու եւ փոփոխելու նախաձեռնությունը: Սադոյանը կասկածում է, որ կատարվելիք փոփոխությունների միջոցով գալիք ընտրությունները կեղծվելու են գործող իշխանությունների կողմից:

Կոմկուսն էլ հայտարարությունների ժամն օգտագործեց մայիսմեկյան շքերթի մասին բնակչությանը տեղեկացնելու նպատակով: Կոմունիստ Խորեն Սարգսյանն ասաց, որ Լենինի հրապարակում կկայանա միտինգ: Մի պատգամավոր ցանկացավ ճշտել, թե որտե՞ղ է այդ հրապարակը: «Եթե մոռացել եք Լենինի հրապարակի տեղը, Ձեր պապերի գերեզմանի տեղն էլ կմոռանաք»-նետեց Խորեն Թռչունիչը: Նրա գործընկեր Նորիկ Պետրոսյանն էլ շեշտեց, որ հրապարակը լցվելու է կարմիր դրոշներով: Նա հիշեց Ռոբերտ Քոչարյանի կտրած բազմաթիվ կարմիր ժապավենները եւ վերջերս արած հետեւյալ արտահայտությունը «այս ժապավենները շատերի վրա ազդում են, ինչպես կարմիր դրոշը ցուլի վրա»: Կոմունիստ Նորիկ Պետրոսյանը զգուշացրեց, որ իրենց կարմիր դրոշներն էլ կարող են կատաղեցնող ազդեցություն ունենալ եւ նկատեց, որ կատաղած ցուլերի տեղը սպանդանոցն է: