Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋՈՒՐԸ ՈՂՈՂՈՒՄ Է ՍԻՍԻԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ

Մարզեր

«Ես այդ համայնքում ո՞վ եմ. խողովակները պայթել, ջուրը քաղաքն է ողողում»,- այսօր զայրացած հայտարարում էր Սիսիանի քաղաքապետ Լավրենտի Սարգսյանը՝ «Քաղաքը քաղաքին. կառավարման փորձի փոխանակում համայնքների միջեւ» ազգային կոնֆերանսի ժամանակ, որը կազմակերպել էին «Ուրբան» ինստիտուտը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը:

Լավրենտի Սարգսյանի ասելով, «Ջրմուղ -կոյուղի » ընկերությունը փոխարեն ներքին ցանցը նորոգեր ու նոր ջրաչափեր տեղադրեր, սկսել է «հաշվիչներից»: «Հաշվիչը դրել են, բնակիչը ջուրը փակում է, իսկ խողովակները մաշված են, բոլոր փողոցներում ջուրը դուրս ելել, փողոցները քանդում է»,- հայտնեց Սիսիանի քաղաքապետը: Նա պահանջում է, որ «Ջրմուղ-կոյուղին» նորոգի ներքին ցանցը, որի մաշվածության հետեւանքով քանդվում են փողոցները՝ ավելորդ ծախսեր պատճառելով քաղաքապետարանին, մանավանդ, որ արդեն Սիսիանում ձյուն է նստել:

Կոնֆերանսի մասնակիցները նրան խորհուրդ տվեցին դատարան դիմել: Բայց Սիսիանի քաղաքապետը,ինչպես պարզվեց մեզհետ զրույցում, չի ցանկանում դատական քաշքշուկի մեջ ընկնել: Նա հույս ունի, որ այս հարցը կլուծվի առանց դատական միջամտության: Թեեւ իրենք այլ, իր բառերով, արդյունավետ տարբերակ ունեն՝ ջրմուղ-կոյուղու համակարգը հանձնել Սիսիանի քաղաքապետարանի տնօրինությանը: Այդ առաջարկով նրանք արդեն դիմել են կառավարությանը:

Իսկ գումա՞ր...«Եթե կարգին տեր լինի, բնակիչներից հավաքագրված գումարով էլ կարելի է ջրմուղ-կոյուղու համակարգը նորոգել ու պահել»,-ասում է Լավրենտի Սարգսյանը: Նա վստահեցնում է, որ Սիսիանում ջրի խնդիր չկա.«Սիսիան է մտնում մոտ 100 000 բնակչի ջուր, բայց ընդամենը ունենք 15-18000 բնակիչ»: