Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ 99 ՏՈԿՈՍԸ ԴԱԿԻՉ Է

Քաղաքականություն

«Հնգամյակը չորս տարում»,- խորհրդային այս ձեւակերպումն այսօր հիշեցին պատգամավորներից շատերը, երբ եռօրյա նիստերի օրակարգը սպառվեց դեռ երրորդ օրվա կեսօրին:

Արագացված աշխատանքային ռեժիմը բոլորովին չի անհանգստացնում իշխող կոալիցիային, քանի որ իրենց խնդիրն է ոչ թե շատ խոսելը, այլ կառավարության ուղարկած օրենքները ընդունելը: Այս մասին մեզ հետ զրույցում ասացին ՀՅԴ քարտուղար Հրայր Կարապետյանը, «ՀՀԿ» ղեկավար Գալուստ Սահակյանը եւ ՕԵԿ ղեկավար Սամվել Բալասանյանը.

«Ինքնանպատակ օրենքներ չեն քննարկվում. դրանք նախեւառաջ վերլուծվում են, ներկայացվում են, եւ հնարավորինս մեր երկրի հետ կապված խնդիրները վեր են ածվում օրենքների»,-բառացի ասաց Գալուստ Սահակյանը: Գալուստ Սահակյանը նաեւ խորհուրդ է տալիս լրագրողներին մասնակցել «օրենսդրական աշխատանքի բոլոր սցենարներին եւ տեսնել, թե օրենքները ինչպես են ծնվում»:

Սամվել Բալասանյանը օրինակ բերեց Կանադայի խորհրդարանը, որը կարող է ոչ միայն եռօրյա օրակարգը երկու օրում սպառել, այլ ընդհանրապես ամսվա մեջ մեկ անգամ նիստ անել: «Մենք պետք է սովորենք այդ տարբերակով աշխատելուն, որովհետեւ մյուս եռօրյայում ավելի շատ օրենսդրական նախաձեռնություն չի լինելու»:

Սամվել Բալասանյանը չբացառեց, որ շատ շուտով մեզանում էլ խորհրդարանի նիստ գումարելու անհրաժեշտություն չի լինի: Չնայած, որ մենք շատ տարբեր ենք Կանադայից:

«Քննարկումներին գրեթե ոչ ոք չի մասնակցում, ոչ մի հարց չի բարձրացվում, հարցեր չեն տրվում, այն օրինագծերը, որ մի քանի եռօրյա պետք է քննարկվեն, մի քանի րոպեում քննարկվում ու ընդունվում են: Ուղղակի նողկալի է, զզվում եմ այս խորհրդարանի աշխատանքներից. ոչ մեկի ոչինչ չի հետաքրքրում: ԱԺ-ի պատգամավորների 99 տոկոսը դակիչներ են»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Մանուկ Գասպարյանը: