Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շահագործման է հանձնվել բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ

Հասարակություն
4ebc68a0ea4fda3c457a0289c49d3cd4

Երևանի համար 52 հիմնական դպրոցի բակում շահագործման է հանձնվել եվրոպական CIUDAD/GOSPEL ծրագրով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզահրապարակը։ Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Մարսելի փոխքաղաքապետ Կոլետ Բաբուչյանին և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթան:

Եվրամիության CIUDAD/GOSPEL ծրագրի առանձնահատկություններից մեկն այն է, որ մարզահրապարակը պետք է ծառայի ինչպես դպրոցին, այնպես էլ հարակից շենքերի բնակիչներին, ինչպես նաև սոցիալական տարբեր խմբերին։ Բազմաֆունկցիոնալ մարզահրապարակը նախատեսված է նաև հաշմանդամների համար։ Ծրագրի նպատակն է գտնել սպորտի բնագավառում կառավարման այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան սպորտի միջոցով բարելավել քաղաքներում կյանքի որակը ՝ ընդգրկելով նաև հաշմանդամներին և բնակչության խոցելի խմբերին:


GOSPEL-ը (Կառավարումը Սպորտի բնագավառում որպես սոցիալական ուղեցույց) Եվրոպական Միության CIUDAD (Քաղաքային զարգացման և երկխոսության համագործակցություն) ծրագիրրի մի մասն է, որի շրջանակներում համագործակցում են Հայաստանը (Երևան), Թունիսը (Մահդիա), Գերմանիան (Համբուրգ), Խորվաթիան (Սպլիտ) և Նորվեգիան (Տրոնդհեյմ): Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և գործընկեր քաղաքներում պարբերաբար կազմակերպվում են փորձի փոխանակման սեմինարներ:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գործող համար 52 դպրոցի բակում մարզահրապարակի կառուցումը Եվրոպական Միության ֆինանսավորմամբ Երևանի քաղաքապետարանի հետ իրականացված համատեղ առաջին ծրագիրն է։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչություն