Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գալյա Նովենց» գրքի շնորհանդեսը Ազգային ժողովում

Պաշտոնական
49fbb01c6988fb191da618f45c77573f

Հուլիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում տեղի ունեցավ հայ կինոյի եւ թատրոնի նշանավոր դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի, ՀՀ պետական մրցանակի եւ միջազգային փառատոների դափնեկիր Գալյա Նովենցի կյանքին ու արտիստական գործունեությանը նվիրված «Գալյա Նովենց» գրքի շնորհանդեսը:

Գիրքը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի հիմնադրած «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի տասնմեկերորդ հատորն է: Հեղինակը, օգտագործելով նաեւ իր անձնական հարուստ արխիվում պահվող նյութերը, ներկայացրել է դերասանուհու՝ թատրոնում եւ կինոյում խաղացած բազմաթիվ դերերը, ընթերցողին մատուցել նրա ստեղծագործական բազմաշնորհ ուղին ու կյանքը: Գրքում մեծ տեղ են գրավում լուսանկարներն ու դերասանուհու մասին պատմող հոդվածներն ու հարցազրույցները:

Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ, արվեստագետներ, դերասաններ, լրագրողներ, ԱԺ աշխատակազմի անդամներ:

Գալյա Նովենց տաղանդավոր արտիստուհու, հայուհու մասին գնահատանքի խոսքեր ասացին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, հայտնի արվեստագետներ Ռուբեն Մաթեւոսյանը, Ալբերտ Մկրտչյանը, Հովհաննես Չեքիջյանը, Տիգրան Մանսուրյանը, Գուժ Մանուկյանը, Վահե Շահվերդյանը, ՏիգրաՆ Ներսիսյանը, Նելլի Շահնազարյանը, Երվանդ Ղազանչյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, բարձր գնահատելով դերասանուհու ուրույն տաղանդն ու հայ բեմարվեստում ունեցած նշանակալի վաստակը, մարդկային լավագույն որակները` նշեց, որ նրա հիշատակը միշտ վառ կմնա, իսկ կերտած կերպարներն ու վաստակը ՝ գնահատված: Նա նշեց, որ Ազգային ժողովը մտավորականների, արվեստագետների կողքին է մշտապես եւ իր ուրույն դերը պիտի ունենա նրանց վաստակի գնահատման, մեծարման գործում: Խորհրդարանի ղեկավարն իր խոսքում անդրադարձավ նաեւ բեմադրիչ Վահե Շահվերդյանի խնդրանքին եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել հայ բեմի երախտավոր Մետաքսյա Սիմոնյանին նվիրված գրքի տպագրությանը:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը կարեւորելով գրքի հեղինակ Սերգեյ Առաքելյանի վաստակը, նրան պարգեւատրեց ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալով»:

Խոսք ասաց արտիստուհու ամուսինը՝ բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը: Նա շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին՝ արվեստի մարդկանց նկատմամբ ունեցած ջերմ վերաբերմունքի եւ գնահատանքի, ինչպես նաեւ՝ գրքի շնորհանդեսն Ազգային ժողովում կազմակերպելու համար: