Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ականը հայցում է լրագրողի ներողամտությունը

Քաղաքականություն
4b0924a1d67811311f61c5da6a413e58

Երևանի ավագանու անդամ Աշոտ Պապայանը հայտարարություն է տարածել։

«Ապրիլի 23-ին Նոր Նորքի 7-րդ զանգվածում տեղի է ունեցել տհաճ միջադեպ, երբ խոչընդոտվել է լրագրող Հակոբ Կարապետյանի մասնագիտական աշխատանքը: Ցավում ենք կատարվածի համար եւ հայցում ներողամտություն»,- ըստ henaran.am-ի՝ ասել է Աշոտ Պապայանը։

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Նոր Նորքում ՀՀԿ թեկնածու Տարոն Մարգարյանի քարոզարշավի ժամանակ հարձակվել էին նկարահանումներ անող՝ ilur կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի վրա ու հարվածել դեմքին՝ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ ։

«Հանրությունը գիտի, որ ինձ ծեծել են, հայհոյել են, խոչընդոտել են լրագրողական գործունեությունս: Հանրությունը պետք է իմանա, որ Աշոտ Պապայանը եւ մյուսները զղջում են կատարվածի համար, նա պետք է ներողություն հայցի ինձանից եւ լրագրողական հանրությունից»,- միջադեպից հետո հայտարարել էր Հակոբ Կարապետյանը։

Այսօր Հակոբ Կարապետյանից «Ա1+»-ը փորձեց ճշտել՝ արդյո՞ք նա բավարարված է ավագանու անդամի հայտարարությամբ։


Լրագրողը նշեց,որ գնահատելի է համարում Աշոտ Պապայանի՝ ներողամտություն հայցող այս հայտարարությունը, ինչպես նաեւ միջադեպին անտարբեր հետեւող ոստիկաններին կարգապահական տույժի ենթարկելը, սակայն գոհ կլինի, երբ նման երեւույթները եւ լրագրողների նկատմամբ ոտնձգությունները չլինեն։