Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԵՔԻԱԹ,ՈՐ ՖԻԼՄ Է ԿՈՉՎՈԻՄ

Մշակույթ

«Այբ-Ֆե» շաբաթաթերթի նյութերից

«Ես հեքիաթներ եմ պատմում, որոնց համար ինձ վճարում են եւ ասում, որ դա կոչվում է «ռեժիսուրա» »- անկեղծանում է մոսկվաբնակ ռեժիսոր Աննա Մելիքյանը, որի «ՄԱՐՍ» լիամետրաժ ֆիլմը ԱՊՀ եւ Բալթյան երկրների Կինոշոկի 13-րդ փառատոնում շահեց երկու մրցանակ, Պրոդյուսերների ժյուրիի եւ Մեծ ժյուրիի հատուկ դիպլոմ:

Սա շատերի համար անսպասելի էր, քանի որ «Մարս» -ը, Կինոշոկին մասնակցող կինոքննադատների ու լրագրողների մեծ մասի կողմից արժանացավ խիստ քննադատության, որակավորվեց, որպես «կատարելությունից հեռու» ֆիլմ:

«Մարս»-ը Համառուսական պետական կինոակադեմիայի շրջանավարտ Աննա Մելիքյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է: Չնայած քննադատություններին, շատերը ընդունում են, որ ֆիլմն ունի վառ սկիզբ եւ նուրբ հումոր:

Ամեն ինչ կատարվում է գրոտեսկային ծովափնյա քաղաք «Մարքս»-ում: Սակայն կայարանում, քաղաքի անունը պատկերող լուսային վահանակի վրայի «ք» տառը պոկված է:

Այս տարօրինակ քաղաքում բոլոր մարդիկ աշխատում են Խաղալիքների գործարանում, իսկ աշխատավարձի փոխարեն ստանում գործարանի արտադրանքը` փափուկ խաղաղալիքներ:

Ֆիլմի գլխավոր հերոսը բռնցքամարտիկ է (դերակատար` Գոշա Կուցենկո): Նա պատահաբար հայտնվում է Մարս քաղաքում, անցկացնում ընդամենը մեկ օր, ինչի հետեւանքով քաղաքի եւ մասնավորապես մի խումբ բնակիչների կյանքը գլխիվայր փոխվում է:

Այս ֆիլմի հերոսներից յուրաքանչյուրը փորձում է փախչել շրջապատող իրականությունից:

«Իմ ֆիլմն այն մասին է, որ մարդիկ չեն կարողանում ունեցածով երջանիկ ապրել: Եթե ինքդ քեզ հետ ներդաշնակ չես, երկիրը փոխելով դու քեզ ավելի լավ չես զգա: Կփոխվեն ընդամենը դեկորացիաները, բայց դու` ոչ» , - համոզված է Աննան:

Ինքը` Աննան, ծնվել է Բաքվում, մանուկ հասակից տեղափոխվել Հայաստան, իսկ դպրոցն ավարտելուց հետո` Մոսկվա: Երկու տարի Հեռուստատեսության եւ ռադիոհեռարձակման ինստիտուտի հեռուստառեժիսուրայի բաժնում սովորելուց հետո՝ Աննան ընդունվում է Համառուսական պետական կինոակադեմիա, ռեժիսոր Սերգեյ Սոլովյովի ղեկավարած կուրս:

Ուսման ընթացքում Աննան հեղինակել է 4 կարժամետրաժ ֆիլմեր, որոնք տարբեր միջազգային մրցույթներում շահել են մոտ 40 մրցանակներ, դիպլոմներ:

Դիպլոմային աշխատանքի համար Աննան սցենարիստ Դենիս Ադիմինի հետ գրում է մի սցենար, որի գործողության վայրը Հայաստանն է: Նրան խորհուրդ են տալիս դիմել Մոսկվայի մեծահարուստ հայերին` ֆինանսավորում գտնելու համար:

«Երբ Սոլովյովը սցենարը կարդաց, այնքան ոգեւորվեց, որ իր անունից նամակ գրեց Հայաստանի նախագահին: Մենք շատ քաղաքավարի մերժում ստացանք, որ երկիրը ծանր տնտեսական պայմաններում է»:

Ոչ ծանր տնտեսական պայմաններում ապրող Մոսկվայի մեծահարուստ հայերը նույնպես մերժում են 40 000 ԱՄՆ դոլարով օգնել՝ այդ կարճամետրաժը նկարահանելու համար:

«Ֆիլմի գլխավոր հերոսներն են մի հայ պատանի ու նրա ոչխարը` Ժակո անունով: Շատ ծիծաղելի էր, երբ մենք գումար էինք հայթայթում, հայ հարուստներն ասում էին. «Սա ի՞նչ բան է, մի ֆիլմ, որի հերոսը ոչխար է, չի կարող հայ կինո արտացոլել, ա~յ, եթե ցեղասպանության մասին լիներ, կամ Հայաստանի ծանր կյանքի ...»

Սցենարը 2002թ-ին ստացել է Համառուսական պետական կինոակադեմիայի «Լավագույն սցենար» մրցանակը: Հեղինակի խոսքերով ,այն շատ ծիծաղելի եւ ուրախ պատմություն է:

Մի ռուս ժամանակակից ու գեղեցիկ աղջիկ հայտնվում է հայկական լեռնային խուլ գյուղերից մեկում, որը կարծես «հրաշքների երկիր» լինի: Այնտեղ կատարվում են բոլոր երազանքներն ու ցանկությունները: Գաղտնիքը` «երազանքների ծառի» գոյությունն է, որի ճյուղերին մենք թաշկինակներ ենք կապում:

Սցենարը «Մարս» ֆիլմի հետ միաժամանակ հաստատվել է Մոսֆիլմի կողմից:

Աննան պատմում է, որ մանկուց բոլորը վստահ էին, որ ռեժիսոր կդառնա` հեքիաթներ պատմելու տաղանդի պատճառով:

«Չգիտեմ, թե որտեղից գիտեի այդ հեքիաթները, բայց շատ-շատ գիտեի, լավ պատմող էի, ինքս էլ էի հորինում, երբ այս ձիրքը հայտնաբերեցին, մանկապարտեզում դայակները հավաքում էին մի քանի խմբերի երեխաների, ինձ նստեցնում նրանց առջեւ ու ասում` Աննա, հեքիաթ պատմիր: Իսկ ես, կարծես լարած տիկնիկի պես սկսում էի հեքիաթներ պատմել. բոլորը կլանված, անձայն լսում էին ինձ: Իրենք` դայակները, սուրճ էին խմում մեկ այլ սենյակում: Նույնը տեղի ունեցավ դպրոցում»:

Ռեժիսուրայի բաժին ընդունվելը Աննան համարում է «օրինաչափ պատահականություն», քանի որ ինքը հակված էր ընդունվել Օտար լեզուների ինստիտուտ:

«Հիմա շատ ուրախ եմ, որ մանկությանս տարիների կանխագուշակումներն իրականացան: Իմ կյանքում ոչինչ փաստորեն չի փոխվել, ես շարունակում եմ հեքիաթներ պատմել»:

ՍԵԴԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ