Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԽՇՈՒՆ ԲԱՋՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ

Քաղաքականություն

Ա1+ին եթերից զրկելուն կողմ է նաեւ տնտեսական գործերով դատարանը: Այսօր դատավոր Նախշուն Տավարացյանը առանց հիմնավորելու մերժեց Ա1+ի հայցը ընդդեմ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի»:

Հանրապետության նախագահ Ռոբերտ Քորչարյանի կողմից նշանակված դատավորը այլ վճիռ չէր կարող կայացնել, քան նրա կողմից նշանակված հանձնաժողովը: Բոլոր դեպքերում դատարանը վայր էր, որտեղ Ա1+ին եթերից զրկելու անօրինականությունը նաեւ իրավական ձեւակերպում ստացավ:

Եւ այսպես: Ա1+ ի ներկայացուցիչները ապացուցեցին, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը խախտել է «Հեռուստատեսության եւ ռադոյի մասին» օրենքի եւ իր կանոնակարգի բազմաթիվ պահանջներ: Իրենց կողմից թույլ տված խախտումները հրապարակվելուց հետո, հանձնաժողովի ներկայացուցիչը գերադասեց հրաժարվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի» 49 հոդվածից, որի մոտ 7 կետ հանձնաժողովը խախտել է:

Ի դեպ հանձնաժողովի ներկայացուցիչ Սուրեն Պետրոսյանն այսօր դատարանում մի հետաքրքիր «հայտնագործություն» կատարեց: Ըստ պարոն Պետրոսյանի «տեղեկություներ եւ տեղեկանք» բառերը նույնն են: Եթե արտոնագիր ստանալու դիմումի մեջ գրված է տեղեկություն, ապա դիմումատուները պետք է հասկանային, որ դա տեղեկանք է նշանակում:

Հանձնաժողովի ներկայացուցիչը նաեւ ապացուցեց, որ հանձնաժողովը չունի սկզբունքներ եւ չափորոշիչներ, որով պետք է առաջնորդվեր մրցույթում: «Առաջնորդվել են ներքին համոզմունքով» - խոստովանեց հանձնաժողովի ներկայացուցիչ Սուրեն Պետրոսյանը /արդյո՞ք հանձնաժողովի անդամների անցյալը մեզ թույլ է տալիս վստահել նրանց ներքին համոզմունքին/: Այն որ հանձնաժողովի անդամների մեծ մասի վերաբերմունքը Ա1+ ի նկատմամբ ակնհայտ է, վկայեց մրցույթի արդյունքների հրապարակումից մեկ օր առաջ , հանձնաժողովի փոխնախագահ Շամիրամ Աղաբեկյանի հայտարարությունը, թե Ա1+ի ծրագիրը «թույլիկ» Է:

Ա1+ ի ներկայացուցիչների մատնանշած խախտումների վերաբերյալ բոլոր հարցերը հանձնաժողովի ներկայացուցիչները թողեցին անպատասխան: Վրդովված դահլիճին դատավոր Նախշուն Տավարացյանը կոչ արեց զսպել կրքերը եւ խոստացավ ինչպես հարկն է գնահատել հանձնաժողովի ներկայացուցչի` հարցերից խուսափելու հանգամանքը:

Սակայն ինչպես հանրապետության նախագահի կողմից նշանակված դատավորների մեծ մասը, այնպես էլ տիկին Տավարացյանը Խորհրդակցական սենյակում ինքն իր հետ խորհրդակցելով այլ համոզմունքի եկավ, «հասկացավ», որ Ա1+ին եթերից զրկելը «ամենաճիշտ» որոշումն է եւ իր, եւ հանձնաժողովի համար: