Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2 օր «Hollywood non stop»՝ Երեւանում

Հասարակություն
cc238b31d09bc5c901a50929ae101a57

Մայիսի 15-ին եւ մայիսի 16-ին Երեւանի՝ Արամ Խաչատրյան համերգասրահում կանցկացվի համերգային ծրագիր, որի ընթացքում կհնչեն ամերիկյան հայտնի ֆիլմերի մեղեդիներ:

Ֆիլմերի սաունդթրեքերը կկատարի Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:

Կհնչեն «Գլադիատոր», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Աստղային ատերազմներ», «Առաքելություն» եւ այլ ֆիլմերի սաունդթրեքեր:

«Hollywood non stop» համերգային նախագիծը մեկնարկել է 2012-ից եւ ներկայացվել 8 երեւանյան բուհերում: Այն ներկայացվել է նաեւ ՀՀ մարզերում, մասնավորապես՝ Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում եւ Արտաշատում:

«Խոսելով մշակութային կյանքի մասին Երեւանում՝ կարեւորում եմ այս տիպի պրոյեկտները, որ ոգեւորում են ոչ միայն երիտասարդներին, այլեւ այն մարդկանց, որոնց համար լսելը եւ տեսնելը այս ֆիլմերը, նոստալգիկ մի բնույթ է կրում»,-ասում է երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Լրագրողների այն հարցին, թե հնարավոր է՚, որ այս նախագծով երիտասարդական նվագախումբը հանդես գա նաեւ ԱՄՆ-ում, ասուլիսին ներկա Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը պատասխանեց.

«Մենք միշտ գործընկերությունների փոխանակումների համար հնարավորություններ ենք փնտրում: Այն, ինչ ես անցյալ տարի ասացի, դա մեր ցանկությունն էր, մեր հույսը, որ միգուցե դա հնարավոր լինի իրականացնել ֆինանսների առկայության պարագայում: Առայժմ այն չի արվել, բայց մենք հուսով ենք, որ դրա հնարավորությունը կա, եւ մենք դա կարող ենք իրականացնել»: