Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՐՈՂՆԵՐԸ ՏՈԼԵՐԱՆԴ ՉԵՆ

Մշակույթ

«Հայ գրողների միությունը դեռ հինգ տարի առաջ լուծարվել է, պատկերավոր ասած՝ մեռել է, թաղել ենք, ոսկորներն էլ փտել են»,- սրանք Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի բառերն են, որոնք տպագրվել են «Իրավունք» թերթում:

Այսօր Հայ գրողների միության երրորդ համագումարում նախագահ Հովհաննես Մելքոնյանը պատասխանեց Լեւոն Անանյանին. «Եթե բարձր ճաշակի սուրճ խմողները երկար ճանապարհ ունեն «Ֆերո»-ի հետ, ապա Հայաստանի գրողների միության տաղանդավոր անդամները՝ լրագրող Լեւոն Անանյանի հետ անցնելու երկար ճանապարհ չունեն, նրանից կշտացել են բոլորը»:

Լեւոն Անանյանին գրեթե բոլորի ելույթներում համարեցին «հայ գրողների պառակտիչ պատճառ»: Սակայն այս ամենը օրակարգից դուրս էր: Համագումարի օրակարգում ընդամենը մեկ հարց էր՝ Գրողների շենքում տեղակայված Հայ գրողների միության գրասենյակների հարցը:

Ըստ Հովհաննես Մելքոնյանի, դրանք 1996թ.-ին իրենցից խլել է ՀՀՇ ղեկավարությունը, «Վանոն, Լեւոն Տեր-Պետրոսյանը, պետանվտանգության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը եկան մեզ հանեցին, ոտքի տակ տալով ամեն ինչ»:

Համագումարի մասնակիցները մեղադրում էին Լեւոն Անանյանին իրենց գրասենյակները վարձակալության տալու եւ ստացված եկամուտը յուրացնելու մեջ:

Ավելացնենք, որ Հայ գրողների միությունը ստեղծվել է 1990 թվականին՝ Սերո Խանզադյանի նախաձեռնությամբ: Դրան անդամակցում են Հայաստանի Գրողների միությունից պառակտված 350 գրողներ: Նրանք լիահույս են, որ Հայաստանի գրողների միության նախագահի արդար ընտրություններից հետո, երկու ճակատի բաժանված գրողները կմիավորվեն: