Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպե՞ս էր ճնշվում ազատ մամուլը նահանգային Երևանում

Քաղաքականություն
5eb8f7c7ea6decc767d77bbec5d7c7fb

Պատառիկներ Երեւանի պատմության էջերից

1874թ. հոկտեմբերի 25-ին Երևանում հիմնադրվեց առաջին տպարանը: Այդ իրադարձությամբ Երևանում սկսվեց ոչ միայն հրատարակչական բիզնեսը, այլև նոր մամուլի պատմությունը:

Տպարանի հիմնադիրը Թիֆլիսից Երևան տեղափոխված` հայտնի մտավորական, մանկավարժ, հրատարակիչ Զաքարիա Գևորգյանն էր` Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցի հիմնադիրներից մեկը: Նա հաճախ էր սեփական միջոցներով հրատարակում հայ գրողների երկերը, ու այժմ նպատակ ուներ նույնն անել նաև Երևանում:
Կարճ ժամանակում նրան հաջողվեց շենք ու տպագրական մեքենաներ ձեռք բերել, թուղթ ու համապատասխան նյութեր ներկրել արտասահմանից և իրականացնել նպատակը: Տպարանը քաղաքում միակն էր, ու շատ արագ այստեղ կենտրոնացավ պաշտոնական և ոչ պաշտոնական կարգադրությունների, հայտարարությունների, ցավակցությունների, մահազդերի, արտակարգ լուրերի ամբողջ տպագրությունը: Կարճ ժամանակում տպարանին հաջողվեց ընդլայնել արտադրությունն ու նոր աշխատատեղեր բացել:

Աշխատողից մինչև փայատեր

Տպարանի կառավարչի հաստիքով աշխատանքի ընդունված` Զ. Գևորգյանի վաղեմի ծանոթներից Էմին Տեր-Գրիգորյանն իր ամսական 45 ռուբլի աշխատավարձի 20 ռուբլին, համաձայն պայմանագրի թողնում էր հիմնադրին: Արդյունքում` 5 տարվա ընթացքում կուտակված գումարով նա 1880թ.իրավունք ստացավ դառնալ տպարանի համասեփականատերը: Տպարանը սկսեց կոչվել "Զաքարիա Գևորգյան և ընկ.":

Տպարանի ծանրաբեռնվածությունը հատկապես մեծացավ 1877-1878թ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, ու տեղի մեծահարուստներից ոմանք որոշեցին նույնպես օգուտ քաղել շահավետ բիզնեսից: Արդեն 1879թ. բացվեց Երևանի երկրորդ` Աբգար Գուլամիրյանցի տպարանը:

Առաջին թերթն առաջին տպարանում

Երևանի առաջին նահանգային թերթը` "Պսակ" շաբաթաթերթը, լույս տեսավ 1880թ. մարտի 15-ին: Առաջին համարները տպագրվեցին "Զ.Գևորգյան և ընկ." տպարանում, սակայն շուտով պարզվեց, որ փոքր տպաքանակ ունեցող "Պսակ"-ի տպագրությունն այդ տպարանում անշահավետ է: Տեր-Գրիգորյանը որոշեց հիմնել իր սեփական տպարանը, և շատ շուտով Դոկտորական (ներկայիս Թումանյան) փողոցում, այժմյան "Մոսկվա" կինոթատրոնի տեղում եղած Պողոս-Պետրոս եկեղեցու դիմաց գտնվող` Նահապետ Հովակիմյանի տանը Տեր-Գրիգորյանը բաց արեց քաղաքի թվով երրորդ տպարանը, որը հենց իր հիմնած լրագրի անունով էլ կոչեց` "Պսակ":

Թերթի հրատարակիչ-խմբագիրն էր Վասակ Պապաջանյանը: Թերթի մուտքը ջերմորեն շնորհավորեցին ամենից առաջ Թիֆլիսում հրատարակվող հայկական թերթերը: Թեև "Պսակը" հրատարակվում էր Երևանում իբրև նահանգային թերթ, այն արտացոլում էր ամենևին ոչ միայն պաշտոնական տեսակետներ, ինչի համար սիրվեց բնակչության կողմից: Թերթի անդրանիկ համարն ուներ գրական, պատմական, մանկավարժական ուղղություն, սակայն շուտով նրա էջերում սկսեցին տեղ գտնել Երևանի նահանգի և Երևան քաղաքի ներքին կյանքի բազմաթիվ բնագավառներին վերաբերող մեծ ու փոքր հոդվածներ, ռեպլիկներ, ֆելիետոններ:

Ցարական գրաքննությանը "Պսակի" ժողովրդավարական բնույթն այնքան էլ դուր չէր գալիս, հատկապես որ նրանք տեղյակ էին հրատարակչի հակացարական տրամադրությունների և ազգային-ազատագրական շարժմանն ակտիվ մասնակցության մասին: Թերթի էջերում տեղ էին գտնում նաև քաղաքի կոմունալ և մշակութային կյանքի վատթար վիճակի, "Քաղաքի հայերի"` Դումայի ձայնավորների, քաղաքագլխի, քաղաքային վարչության անճարակության և անգործության մասին հոդվածներ, որոնցից հետո, ի դեպ, նկատվում էին դրական տեղաշարժեր:
Թերթն արձագանքում էր նաև նոր հրատարակվող գրականությանը, տպագրում գրախոսականներ: "Պսակը լույս էր տեսնում շաբաթը մեկ կամ երկու անգամ, տարեկան բաժանորդագրությունը Երևանում 4 ռուբլի էր` "կանխիկ վճարելի", ինչպես թերթն էր գրում` "ուրիշ տեղերում"` 5 ռուբլի:

Եվ առաջին ամսագիրը

Պսակից մեկ տարի անց` 1881թ. հուլիսի 29-ին լույս տեսավ Երևանի առաջին ամսագիրը` "Առողջապահական թերթը": Ամսագիրը լույս էր տեսնում, ինչպես հարկն է, ամիսը մեկ անգամ, տպագրում էր "ժողովրդի առողջության մասին" պետական, պաշտոնական կարգադրություններն ու որոշումները, ինչպես նաև առողջապահությանը վերաբերող բազմաբնույթ հոդվածներ: Աշխատակցում էին ժամանակի հայտնի բժիշկներ Արտեմ Հովհաննիսյանը, Բագրատ Նավասարդյանը և այլոք: Խմբագիր-հրատարակիչը քաղաքային բժիշկ, հետագայում` Երևանի քաղաքապետ Լևոն Տիգրանյանն էր: Որպես քաղաքի գլխավոր սանիտարական բժիշկ` նա հաճախ էր հանդես գալիս հանրության առջև, հրապարակներում, փողոցներում, բակերում փոքրիկ դասախոսություններ կարդում վարակիչ և սուր-վարակիչ հիվանդությունների մասին, խոսում անձնական հիգիենայի տարրական կանոնների պահպանման մասին` կոչ անելով չաղտոտել շրջապատը և համաճարակներից խուսափելու համար օրական մի քանի անգամ լվացվել:

Լևոն Տիգրանյանի բժշկական աշխատություններն ու հանրամատչելի հոդվածներն ավելի անմիջական ու օգտակար էին դարձնում ամսագիրը: Ամսագրի էջերում առանձին նշվում էր նաև Երևան ժամանած այս կամ այն բժիշկ-մասնագետի մասին, որի մոտ կարելի էր հերթագրվել բուժվելու կամ խորհրդատվություն ստանալու համար, նորավարտ բժիշկների մասին, որոնք աշխատելու էին այս կամ այն հասցեում. նշվում էին նույնիսկ աշխատանքային ժամերը:

Առանց ավելորդ ձևականությունների ու հանձնաժողովների

Արտաքինից բոլորովին "անմեղ" առողջապահական ամսագիրը "Պսակի" նման նույնպես երբեմն տպագրում էր քննադատական հոդվածներ` ուղղված տիրող կարգերի, ցարական կառավարության դեմ: Հաճախ որևէ բժշկական հոդվածի տողատակին կարող էր հանդիպել սուր քննադատություն, որը չէր վրիպում ընթերցողի աչքից: Ուշադիր ընթերցողներ կային նաև կառավարող օղակներում, և հրատարակիչ-խմբագիրը հաճախ էր պատասխանատվության կանչվում ու նկատողություններ ստանում:

Առաջինը դադարեցվեց "Պսակ"-ի հրատարակումը` 1884թ. ապրիլի 7-ին: "Առողջապահական թերթը" նրան հետևեց "վերջին նախազգուշացումից հետո"` նույն թվականի դեկտեմբերին: Խմբագրերին` Լևոն Տիգրանյանին և Վասակ Պապաջանյանին, մի քանի այլ մտավորականների հետ միասին, շուտով աքսորեցին հարազատ քաղաքից: Երևանում մնաց միայն "Երևանի հայտարարություններ" թերթիկը, որը մինչև 1908թ. հայտարարություններից բացի որևէ այլ նյութ չէր պարունակում:

Թերթերի փակմամբ տպարանները կանգնեցին փակուղու առջև: Տպարանային բիզնեսն այլևս առաջվա պես շահաբեր չէր. տպագրում էին մասնավոր հայտարարություններ, հրավերներ կամ մահազդեր, փոքրիկ գրքույկներ, որոնք, բնականաբար շահույթ չէին կարող հետապնդել: Այսուհանդերձ, ոչ մի տպարան չփակվեց. ավելին, 1897-ին մասնավոր տպարանների կողքին հիմնադրվեց Երևանի նահանգական վարչության տպարանը, որն ապահովում էր պաշտոնական գրագրությունների, թերթիկների և կարգադրությունների տպագրությունը:

Մասնավոր տպարաններում այդ ժամանակաշրջանում լույս տեսան բազմաթիվ գրքեր, դասագրքեր, քարտեզներ, գիտական ժողովածուներ: Առավել ծավալուն գործերը որպես կանոն տպագրվում էին միայն Էջմիածնի մեծ տպարանում:

Ի դեպ, հենց 1880-ականներին` տպարանների ու թերթերի հետ զուգահեռ, Երևանում բացվեց մի քանի գրավաճառանոց, որոնցից առաջինի տերը նույն Զաքարիա Գևորգյանն էր: Այդ շրջանում Երևանի ամենահայտնի գրախանութը Ներսես Սիմոնյանինն էր` "Դրուգ դետեյ" անունով: