Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

« Թատրոնը շատ թանկ հաճույք է»

Հարցազրույց
6ba9435a307e58b6e425a6f27eec5a2c

Այսօր թատրոնի միջազգային օրն է։

«Ա1+»-ը զրուցել է հայ անվանի դերասան, թատերական ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Մանկավարժական համալսարանի հեռուստառեժիսուրայի եւ մասսայական հանդիսությունների ամբիոնի վարիչ Արմեն Էլբակյանի հետ:    

-Այսօր թատրոնի միջազգային օրն է, ես թատրոնի օրը եւ թատրոն հասկացությունը գնահատում եմ դուրս թատերական այն երեւույթներից, որ կատարվում են մեր շուրջ, քանի որ թատրոնը մեր կյանքի փոքր մոդելն է' մի օր վերելք է ապրում, մի օր ճգնաժամ, մի օր սպասում է իրադարձությունների զագացմանը, որ նյութ քաղի դրանից եւ գեղարվեստական միջոցներով ներկայացնի:

Բայց թատրոնի օրը թատրոնի մարդկանց ուրախության օրն է, մի օր, որ նրանց է պատկանում, մի օր, երբ նրանք անկախ են որեւէ մեկի գնահատականից, ազատ են' լինելու արվեստագետ, ընկեր , կոլեգա, նրանք ազատ են միմյանց սիրելու, նրանք ազատ են այդ օրը թատրոնից ազատ լինելու, որովհետեւ թատրոնը բռնության նման մի բան է, նա կարող է նաեւ ազդել եւ ստիպել անընդհատ կրել այդ բեռը: Թատրոնի օրը մայիսի իննի նման մի բան է, դու ազատագրվում ես եւ ապրում ես որպես մի մարդ, որ իր կայնքը նվիրել է այդ գործին եւ հաճույք է ստանում դրանից: Գործ, որ հասարակայության կյանքում գուցեեւ երկրորդական նշանակություն ունի, բայց որ խորը դատես, բոլորի ենթագիտակցության մեջ թատրոնը կա եւ հենց այդ է պատճառը, որ թատրոնը փիլիսոփայական կատեգորիա է համարվում: Շնորհավորում եմ բոլորիս, նախեւառաջ հանդիսատեսին, նրանց ովքեր սիրում են թատրոնն ու թատրոնի մարդկանց, եւ մաղթում եմ նրանց համբերություն, որովհետեւ թատրոնը միշտ չի, որ պիտի կատարի նրանց ցանկությունները, երբեմն նաեւ թատրոնը պիտի նրանց ստիպի, որպեսզի նրանք դառնան թատրոնին գաղափարներ, մտքեր, հարցեր առաջադրողը, որովհետեւ թատրոնն ի տարբերություն շատ-շատ զվարճավայրերի ոչ թե զվարճանալու տեղ է , այլ  խորհելու եւ մտածելու, թե ինչու ենք ապրում, ինչպես ենք ապրում, եւ ինչպես պիտի ապրենք սրանից հետո:

-Ժամանակներ են եղել, երբ մարդիկ ապրել են թատրոնով, այսօր կարծես թե թատրոնն է ապրում հանդիսատեսով: Մի տեսակ թատրոնը մնացել է հանդիսատեսի հույսին: Կա այդ փոխատեղման խնդիրը: Մյուս կողմից ասում են' ինչպիսին թատրոնն է, այդպիսին էլ հանդիսատեսն է. կլինի լավ թատրոն' կլինի լավ հանդիսատես: Համաձա՞յն եք այդ գնահատականի հետ, արդյո՞ք ստանում է հանդիսատեսը թատրոնից այն, ինչի համար գալիս է թատոն:

-Թատրոնը երբեք չի ապրել հանդիսատեսով, այլ ապրել է հանդիսատեսի ներկայությամբ, երբ հանդիսատես չկա' դեռ չի նշանակում, որ լավ թատրոն չի: 

- Այսօրվա շուկայական հարաբերություններում ասում են պահանջարկ ունի լավ ապրանքը, եթե չկա հանդիսատես, ուրեմն ներկայացումը լավը չի՞:

-Ճիշտ եք, լավ ապրանքն ունի պահանջարկ, իսկ վատ ապրանքը, ավելի շատ պահանջարկ, խնդրեմ նայեք, շուրջ բոլորը թափված է էժանագին ապրանք: Թատրոնը հանդիսատեսով ապրում է, իսկ ինչպիսին երկիրն է այնպիսին հանդիսատեսն է, հետեւաբար, այդպիսին նաեւ թատրոնն է, որովհետեւ թատրոնի բենզինը, սննդի աղբյուրը երկիրն է, աշխարհն է, ինչպիսն աշխարհն է, այդպիսին էլ հանդիսատեսն է: Եթե հանդիսատեսը Դոստոեւսկի չկարդացած գալիս է Դոստոեւսկի նայելու, եթե երիտասարդը չի ճանաչում Չարենցին, բայց դիմում է բարձրագույն ուսումնական հաստատություն, եւ շատ հաճախ, ցավոք ընդունվում է, ուրեմն մենք այստեղ չենք կարող խոսել նրանից, թե ինչպիսին թատրոնն է, այնպիսին էլ հանդիսատեսն է: Ճիշտ հակառակը, ինչպիսին հանդիսատեսն է, այնպիսին էլ թատրոնն է:

Ժամանակին Վարդան Աճեմյանն ինձ ասաց' բեր մի պիես, որ կուզենայիր կարդալ: Եվ ես բերեցի Ջոն Օսբորնի «Ետ նայիր զայրացած» պիեսը: Մեծ վարպետը կարդալուց հետո ասաց' մեր հանդիսատեսը սա չի հասկանա: Սա շատ տխուր բան է, դա 20-րդ դարի լավագույն դրամատուրգներից մեկի եւ այն ժամանակի ամենահզոր պիեսներից մեկն էր, որը մրցունակ է մինչ օրս: Մեր հանդիսատեսը պատրաստ չի հասկանալու թատրոն, մեր հանդիսատեսը պարզապես լավ չի ճանաչում կյանքը, իսկ կյանքը հասկանալու համար նա պետք է գա դեպի այդ կյանքը' ընտանիքից, դպրոցից, բուհից, հետո միային գա թատրոն: Թատրոնը երբեք չի եղել կիսագրագետ հադիսատեսի ընդունելության վայր, թատրոնը միշտ եղել է շատ թանկ հաճույք: 

-Բայց չէ՞ որ թատրոնը նաեւ կրթում էր:

-Այո, այսօր էլ է կրթում, բայց կրթվածին, անկիրթին ո՞նց կրթի:
Խորհրդային ժամանակներում թատրոնը դարձրին շատ հասանելի, դարձրին ֆաստ ֆուդ, ավտոբուսները լցնում էին մարդկանցով, որոնք դաշտից հոգնած գալիս էին տուն, եւ պիտի քնեին, բռնում, բերում էին թատրոն: Հանդիսատեսը չէր գալիս թատրոն' որպես մշակութային օջախ, նրան ստիպողաբար բերում էին:

-Բայց մի բան էլ կար, որ այսօր չես հանդիպի, բանվոր մարդը, աշխատանքից հետո կարող էր գալ տուն ու երեկոյան երեխաների հետ գնար օպերա, կամ թատրոն:

-Այո, երբ ինքն էր գնում, դա շատ լավ էր: Բայց տարբեր պահանջ էր դրված. կար նաեւ մասսայականության պահանջ, դրա մեջ եւ լավ բան կար, եւ վատ: Թատրոնը շատ թանկ հաճույք է, տոմսը շատ թանկ բան է, բայց քանի որ այդպես եկավ' այդպես էլ գնում է, եւ քանի որ մեր ժամանակները դեռ այնպիսին չեն, որ մեր հասարակությունը ամբողջովին բարեկեցիկ կյանքով ապրի,ապա մենք չենք գնահատում ներկայացումների որակը փողով, այլ ինչ -որ մի գին ենք նշանակում, որ հայ մարդը թատրոնից չկտրվի: Բայց ինչքան էլ ունի իր դաստիարակչական ֆունկցիան, բայց թատրոնը լիկբեզ չի, ինքը գեղարվեստական խնդիրներ ունի լուծելու, եւ կիսագրագետ մարդկանց համար չի, որ գալիս են թատրոն, որպեսզի մատը ինչ-որ մեկը տնկի, իրենք սկսեն հռհռալ: Մարդը պետք է պատրաստ լինի թատրոն գալուն:

-Պարոն Էլբակյան, մեր սերունդը կամ ավելի ավագ, Ձեզ ճանաչում է որպես թատրոնի դերասան: Այսօր ձեզ հիմնականում լայն հասարակությունը տեսնում է հեռուստաէկրանին, եւ որքան էլ զավեշտական է, Ձեր մարմնավորած կերպարի անունով են շատ հաճախ Ձեզ դիմում' գեներալ: Ինչպե՞ս եք այս երեւույթին վերաբերում:

-Ժամանակին Վահրամ Փափազյանը շատ հայտնի մի դերասանուհու, որ ստացել էր վաստակավոր արտիստի կոչում, ասաց. «է, կոչումդ ստացար, դերասա՞ն երբ ես դառնալու» Հիմա շատ հայտնի մարդիկ կան, ավելի հայտնի, քան ես, ես շատ էլ ուրախ չեմ, որ ինձ բոլորն են ճանաչում, բայց ուրախանում եմ, որ ինձ ճանաչելով հասկանում եմ, թե ինչին եմ նվիրել կյանքս: Գիտեք, այն ժամանակ էլ կինոյում նկարվելն էր համարվում երկրորդական մի բան, բայց հետո տեսաք, կինոն եկավ, դարձավ ամենատարածված արվեստի ճյուղը, որի միջոցով բազմաթիվ տաղանդավոր դերասաններ հանրահայտ դարձան: Սերիալն էլ մի ամբիոն է, որտեղից լավ արտիստը կարող է փորձել իր գեղարվեստական մտածողությունը, տեսակն ու ճաշակը փոխանցել, ինչը անում ենք ես եւ Աննան «Գեներալի աղջիկը» սերիալում: Ես խոսում եմ ոչ թե սերիալի, այլ իմ եւ հատկապես Աննայի դերակատարման մասին, դա հնարավոր է, թեեւ շատ ծախսեր է պահանջում մեզանից' թե հոգեկան, թե մտավոր, թե նաեւ գիտելիքի, որովհետեւ շատ բաներ այդ հեռուստանովելում իմպրովիզացիայի արդյունքում է ստացվել'տեքստեր, խոսքեր, փոխհարաբերություններ: Բայց դա դնենք մի կողմ, դերասանի համար ճանաչումը երկրորդական բան է, բայց այն դերասանի, որն այս աշխարհին բան ունի ասելու: Ֆելինիի նման ռեժիսորը, կամ Անդրեյ Տարկովսկին ասում էր, որ ինքը ֆիլմ նկարում է տասներեք հոգու համար. մնացած բոլորը կարեւոր չեն: Բայց կարեւոր են, որովհետեւ տասներեքը կարող են հասկանալ, իսկ տասնչորսերորդը կարող է վարակվել, փորձել հասկանալ, որովհետեւ երբ փորձում ենք հասկանալ Ֆոլկներին, Սարոյանին, երբեմն լինում են պահեր, որբ վերադառնում ենք ու տողը նորից ենք կարդում' հասկանալու համար, թե ինչ է փնտրում մեծ գրողը, մեր ժամանակակիցը: Նույնիսկ ամենապարզ բաները, իսկ հանճարեղությունը պարզության մեջ է, միեւնույն է կարիք ունեն վերընթերցելու, վերադառնալու: Ես Խուլիո Կորտասարի «Վիճակախաղ». վեպը երեք ամիս էի կարդում, թվում է, թե բան չկար կարդալու, բայց ենթատեքստում այնքան բան կա, որ անընդհատ վերադառնում ես, որովհետեւ խորքում որքան մարգարիտներ կան, որոնց փառքը մեծ փրփուրն է խլում'ինչպես Շիրազն էր ասում, պիտի վերադառնաս, որ հասկանաս, թե այս աշխարհ ինչու ես եկել, եւ ինչպես ես ապրում:

-Ի՞նչ է պետք այսօր թատրոնին լավ հանդիսատեսից բացի:

-Թատրոնը հանդիսատես ունի, եթե չունի' դա հանդիսատեսի պրոբլեմն է, ոչ թե թատրոնի: Այսօր կան շատ լավ թատրոններ, շատ վատ թատրոններ, կամ շատ լավ եւ շատ վատ դերասաններ, կան շատ լավ եւ վատ ռեժիսորներ:

-Իսկ արդյո՞ք վատերին շուկան պիտի դուրս չմղի:

-Այդպես եղել է, այդպես էլ կլինի, որովհետեւ գետը, երբ գալիս է 'իր հետ աղբ է բերում, բայց աղբը ի վերջո մնում է ջրի երեսին, իսկ մարգարիտը հանվում է: Չէ որ, երբ մենք հետ ենք նայում դարերի անցած ճանապարհին, ոչ միայն մեր ժողովրդի, այլեւ համաշխարհային պատմության, ապա տեսնում ենք, որ ամբողջ աղմուկի, բազմահազար անունների մեջ, նրանց արած գործի, ապրած կյանքի մեջ, ի վերջո, դուրս են պրծնում անհատներ' Սերվանտես, Մարկես, Հեմինգուեյ, Դե Բյուսի, Կոմիտաս, Նարեկացի, Փափազյան, Յուրսկի, Լեբեդեւ, Էդգար Էլբակյան, Բաբկեն Ներսիսյան, Խորեն Աբրահամյան, որոնց մենք միշտ հիշում ենք:

-Այսօր կարծո՞ւմ եք ծնվում են այդպիսիք:

-Հայոց արգանդը երբեք չի դադարել տաղանդներ ծնել եւ չի էլ դադարելու: Ուղղակի այսօր տեսնում ենք այն, ինչ ունենք: Իսկ մեզ հատուկ է քննադատելը, ոչ թե տեսնելը գեղեցիկը, դա ընդհանրապես մարդուն է հատուկ, բայց դա նաեւ խթան է. եթե մենք գոհ լինենք, ուրեմն այլեւս ոչնչի չենք հասնի, ուրեմն այլեւս ոչնչի ընդունակ չենք:

Զրուցեց Դիանա Մարկոսյանը