Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանյան ընկերությունները՝ «MITT» ցուցահանդեսում

Հասարակություն
9f48387f878ee3912df79a59d0ba4f40

Մարտի 20-23-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) տեղական 13 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացնելու է Հայաստանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայանալիք «MITT» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Այն Ռուսաստանի ամենամեծ ցուցահանդեսն է, և այս տարի նախատեսվում է 197 երկրներից շուրջ 3000 ընկերությունների մասնակցություն. այս տարի նաև նշվում է «MITT»-ի 20-ամյակը:

«Առաջատար այս ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի խթանել Ռուսաստանից ներգնա զբոսաշրջային հոսքերի աճը, ինչպես նաև առավելագույնս օգտագործել զբոսաշրջային ոլորտում առկա հայ-ռուսական համագործակցության մեծ ներուժը»,-նշեց ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

«Սույն ցուցահանդեսը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի ճանաչելիության մակարդակի բարձրացմանը և զբոսաշրջության խթանմանն ուղղված 2013թ. մեր նախաձեռնության խորհրդանշական մեկնարկն է»,-ասաց նա:

«MITT» ցուցահանդեսում հայաստանյան պատվիրակության գլխավոր գործընկերն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը: «Մեր ծրագրի նպատակն է աջակցել ռուսաստանյան շուկայում հայկական զբոսաշրջային արտադրանքի ներկայացմանը և խթանմանը»,-նշեց «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի ղեկավար Բրունո Կորնելիոն: «MITT-ի արդյունքում «Ի-Դի-Էմ-Սի»-ին ՀԱՄՀ-ի հետ համատեղ ռուսական լրատվամիջոցների և ճամփորդական գործակալների համար կկազմակերպի երկու ճանաչողական այց Հայաստան»:

Ռուսական շուկայում Հայաստանի բրենդի առաջմղման նպատակով Մոսկվայում մարտի 21-ին կազմակերպվելու է նաև ռուսական զբոսաշրջային գործակալների և առաջատար ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում-համաժողով, որի ընթացքում կներկայացվի Հայաստանի զբոսաշրջության գրավչությունը և զբոսաշրջային արդյունքները:

Հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակը։