Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՇԽԱՆԻՑ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉՍՊԱՍԵՆՔ

Սպորտ

«Ես չեմ ուզում հրաժարական տալ»,- սպորտկոմիտեի շենքում այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀՀ սպորտկոմիտեի եւ Օլիմպիական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։ Իսկ ինչու՞ պարոն Զաքարյանը չի ուզում հրաժարական տալ, եթե Աթենքում ոչ մի մեդալ չի նվաճվել։

«Իմ խնդիրը ֆինանսներ ճարելն էր եւ դա կատարվել է անթերի... Իմ առաջ դրված բոլոր խնդիրները կատարվել են։ Գրեթե 100 տոկոսով»,- հայտարարեց պարոն Զաքարյանը։

Վերջինս հրաժարական տալու փոխարեն մտադիր է հավաքել օլիմպիական մարզաձեւերի ֆեդերացիաների նախագահներին եւ պարզել, թե ինչու՞ այսպես ստացվեց։

«Ֆեդերացիաները օլիմպիական խաղերի են գնում հյուրի կարգավիճակով։ Նրանց նույնիսկ այդպես էլ գրում են՝ հյուր»,- տեղեկացրեց ՀՀ սպորտկոմիտեի նախագահը։

Ինքը՝ պարոն Զաքարյանն աթոռից կառչած չէ։ Բայց ինքն իրեն մեղավոր համարու՞մ է Աթենքը ձախողելու համար։
«Բոլորս ենք մեղավոր»,- հայտարարեց պարոն Զաքարյանը։

Գոնե Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպե՞լ է պարոն Զաքարյանը քննարկելու համար սպորտում ստեղծված վիճակը։
«Օլիմպիական խաղերից հետո չեմ հանդիպել եւ չեմ խոսել»,- ասաց նա ավելացնելով, որ Քոչարյանը «բավականին շատ խնդիրներ ունի լուծած իր անձնական նախաձեռնությամբ»։

ԱՕԿ նախագահը մեզանից բացի այլ մեղավորներ էլ գիտի. «Չեմ կարող չասել, որ մրցավարության մեջ սուբյեկտիվ մոտեցումներ կային»… Իշխան Զաքարյանն անարդար է համարում օրինակ ընմբիշ Մարտին Բերբերյանի մրցելույթին մրցավարներից մեկի տված գնահատականը։ «Մրցանակակիր դարձան էն մարդիկ, որոնք 1-2 ամիս առաջ քառյակ էլ չէին մտել»,- ասաց նա։

Ըստ պարոն Զաքարյանի, Հայաստանի նման պետությունները պետք է պատրաստ լինեն «էդ խնդիրները դիմագրավելուն»։ «Շատ մրցագորգերում ազնիվ պայքարի գաղափարը դուրս է գալիս»,- իր վրայից մեղքը վերջնականապես դեն նետեց Իշխան Զաքարյանը։

Նա հույս ունի մինչեւ այս տարվա դեկտեմբերի 11-ը՝ օլիմպիական մրցաշրջանի փակումը, պարզել, թե ինչպե՞ս եղավ, որ այսպես եղավ։