Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀՇ-ն դարձել էր գեղի կլուբ» (տեսանյութ)

Այս պահին ՀՀՇ համագումարի ժամանակ ելույթ է ունենում Լևոն Տեր- Պետրոսյանը:

Պարոն Տեր- Պետրոսյանն ասաց, որ տկար է և ջերմություն ունի և ներողություն խնդրեց դանդաղ խոսելու համար: Լևոն Տեր- Պետրոսյանն իր խոսքում կարևորեց մի քանի արձանագրում, որոնք, ըստ նրա, կարևոր են ՀՀՇ-ի` ՀԱԿ-ի անվանափոխման համար: «Այս հարցը ծագել է այն պատճառով, որ ՀԱԿ դաշինքը, կատարելով հսկայական գործ, եթե ոչ իր արդյունքներով, ապա իր էներգետիկայով ժողովրդին դաստիարակելով, հավասարազոր է Հայոց առաջին համազգային շարժմանը»,- ասաց ՀՀ առաջին նախագահը: Լևոն Տեր- Պետրոսյանի երկրորդ արձանագրումն այն է, որ ՀԱԿ դաշինքն այսօր որպես այդպիսին չկա: «Մեկ տարի առաջ սկսվել է քայքայման պրոցեսը: Ես չեմ ուզում մտնել պատճառների մեջ: Եթե չկա, ի՞նչ անենք: Ի՞նչ էր ՀՀՇ-ն մինչև 2007թ.-ն»,- իր ելույթում ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը: ՀՀ առաջին նախագահը խոսեց նաև ՀՀՇ կուսակցության վերելքների և վայրէջքների մասին: Նա փաստեց, որ ՀՀՇ մշտական ուժն ունեցող կուսակցությունը չի եղել: «Ունեցել ենք թուլացած ժամանակներ, փառահեղ ժամանակներ, ունեցել ենք նաև խայտառակ ժամանակաշրջան: Վանո Սիրադեղյանի նախագահությունից դուրս գալուց և երկիրը հարկադրաբար լքելուց հետո այս կուսակցությունը դարձել էր գեղի կլուբ, եթե չասենք աղանդ: Ես չեմ ուզել, որ ՀՀՇ վերածվի թանգարանի: Ձեր կենացը»,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը և ջուր խմեց:

Լևոն Տեր Պետրոսյանը խոսեց նաև ՀՀՇ անվանափոխության մասին: Նա հավաստիացրեց, որ ՀԱԿ կուսակցությունը հավասարապես լինելու է ՀՀՇ-ի իրավահաջորդը և ՀԱԿ դաշինքի ժառանգորդը: Պարոն Տեր- Պետրոսյանը հիշեցնում է, որ անվանափոխությունը կուսակցությունների պատմության մեջ սովորական երևույթ է:

«Հայկական կուսակցություններ էլ են փոխել իրենց անունները: Օրինակ ՀՅԴ-ն առաջ եղել է Հայ հեղափոխականների դաշնակցություն: Մեր բոլոր կոմունիստական կուսակցություններն իրենց անունները չե՞ն փոխել: Բոլորն էլ փոխել են: Դա շատ բնական է»,- ասաց Լևոն Տեր- Պետրոսյանը:

ՀՀ առաջին նախագահը վստահ է, որ անունը փոխելով` չի փոխվում մարդու էությունը. «ՀՀՇ անվան նկատմամբ ալերգիա չէ՞ր առաջացել: Իհարկե առաջացել էր: Եթե սա չեղավ, ուրեմն իմացեք, որ անապատ է»,- ասաց Լևոն Տեր- Պետրոսյանը: