Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՀԵՌԱՆԱ՞, ԵԹԵ ԱԶԳՈՎԻ ԽՆԴՐԵՆՔ

Քաղաքականություն

Հանրապետության նախագահի մամլո խոսնակ Վահե Գաբրիելյանն այսօր վստահեցրեց, որ երկրում վտանգված չէ խոսքի ազատությունը: Խոսնակը հաճախ բացում է օրվա մամուլը եւ կարդում է, իր բառերով, ամենավատ, ամենաանընդունելի որակումներն իշխանությունների հասցեին: Ըստ նրա, այդ պատճառով դեռեւս որեւէ լրատվամիջոց չի փակվել, չի փակվել նաեւ Ա1+-ը: Նա չի կասկածում, որ Ա1+-ն ունի եթեր վերադառնալու ռեալ եւ իրական շանսեր: Նա նշեց նաեւ, որ նախագահն Ա1+-ի կոլեկտիվի հետ հանդիպելու ցանկություն էր հայտնել իրեն ուղղված մեղադրանքներին պատասխանելու պատճառով: Քոչարյանն ըստ խոսնակի, տեղյակ էր, որ մրցույթում Ա1+-ի պարտությունը տեղի է ունեցել օրենքի տառին համապատասխան եւ Ա1+-ի կոլեկիվին մտադիր էր ընդունել միայն մեկ պատճառով. «Որպեսզի քննարկի եւ Ա1+-ի հետ տեսնի, թե ինչն է խնդիրը, ինչն է պրոբլեմը եւ փարատի Ա1+-ի մտահոգությունները»:

Խոսնակը քննարկման թեմա չի համարում այն փաստը, որ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները նշանակված են Ռոբերտ Քոչարյանի կողմից: Օրենքի տեսանկյունից շատ ավելի բարդ է նրանց հանելու մեխանիզմը,-ասում է Վահե Գաբրիելյանը, - եթե ազգային հանձնաժողովի անդամին նշանակում ես եւ չես կարողանում հանել, դա չի նշանակում, որ դու կարող ես ճնշել: Հիշելով նախագահի համակրանքն Այբ-Ֆե-ի նկատմամբ պարոն Գաբրիելյանը տեղեկացրեց, որ իրեն նույնպես դուր էր գալիս Այբ-Ֆե-ն: Այսօր խոսնակը վստահեցրեց, որ հաճախականությունների մրցույթից հետո նախագահի հետ չեն քննարկել, թե վերջինս այսօր Այբ-Ֆե-ի կարոտը զգու՞մ է, թե չէ: Ի դեպ լրագրողներից մեկի այն հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը կհեռանա՞, եթե ազգովի խնդրենք, պարոն Գաբրիելյանը պատասխանեց. «նախագահը հայտնել է իր վերընտրվելու ցանկության մասին եւ գտնում է, որ կան խնդիրներ, որոնք կարող են իրականացվել»: