Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՐԱՍՆՈԴԱՐ. ՎԱՆԴԱԼԻԶՄ` ԱՌԱՆՑ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ

Քաղաքականություն

Հայաստանում ՌԴ դեսպան Անատոլի Դրյուկովը հայտարարում է, որ Կրասնոդարի երկրամասում տեղական իշխանությունները օրինականության սահմաններում պայքարում են ապօրինի ներգաղթածների դեմ: Այդպիսիններին արտաքսում են: Նա ընդգծում է, որ օրինական կարգով, գրանցումով կամ հրավերով ապրող հայերին ոչ ոք չի նեղացնում:

Դրյուկովը երկրամասում հայկական գերեզմանոցների պղծումը գնահատում է, որպես վանդալիզմ եւ գտնում է, որ անհրաժեշտ է հետաքննել միջադեպը՝ իրական մեղավորներին պատժելու համար: Սակայն նա չի կարծում, որ Կրասնոդարի երկրամասում ստեղծվել է արտակարգ իրավիճակ: Նա հարցնում է, թե ինչու՞ հայերը չեն զարմանում, երբ Գերմանիայում կամ Հոլանդիայում արտաքսում են անօրինական ներգաղթածներին:

Ի դեպ հանրապետական Ֆիլարետ Բերիկյանը համոզված է, որ հայ-ռուսական դարավոր բարեկամության ջատագովները չպետք է թույլ տային, որ Կրասնոդարում իրավիճակը սրվեր: Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը հայկական գերեզմանների պղծումը գնահատում է, որպես ազգամիջյան թշնամանք սերմանելու փորձ:

Ավանդական ռուսամետ ուժերը, օրինակ կոմկուսը հույս ունի , որ Կրասնոդարում կատարված դեպքերը չպետք է ստվեր գցեն հայ-ռուսական բարեկամության վրա: Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի անդամակցության ջատագով Աղասի Արշակյանի գնահատականով էլ «ռուսները իրենց տանը կարգուկանոն են հաստատում եւ հայերը դրանից չպետք է վատ զգան»:

Եւ Անատոլի Դրյուկովը, եւ Հայաստանի քաղաքական ուժերը գտնում են, որ անհրաժեշտ է Կրասնոդար գործուղել ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի ներկայացուցիչներին: Շուտով այդ այցը կկայանա: Տեղում ստեղծված իրավիճակը կուսումնասիրեն նաեւ Հայաստանի եւ ՌԴ ՆԳ աշխատակիցները:

Սակայն Ազգային ժողովի «Ժողովրդական պատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հայերին վագոններով քշում են Դոնի Ռոստով: Նա մտածում է, որ շուտով Կրասնոդարի երկրամասում հայերի նկատմամբ սկսված հալածանքները կտեղափոխվեն այնտեղ եւ իրավիճակը կշարունակի մնալ լարված: