Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ»

Քաղաքականություն

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վրա Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման Երեւանի ցանկությունը բացասական ազդեցություն չի ունենա, վստահ է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Թուրքիայի հետ հարաբերություններում մենք որեւէ նախապայման չենք դնում, այդ նրանք են հարաբերությունների վերականգնման հիմքում դնում Ղարաբաղի հարցի լուծումը»,- այսօր պատասխանելով լրագրողի հարցին, հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Վերջինս՝ պատասխանելով ՆԱՏՕ-ին նոր երկրների անդամակցության հեռանկարին Հայաստանի վերաբերմունքի մասին հարցին, ասաց. «Մի շարք պատճառներով անվտանգության խնդիրները առաջնային են Հայաստանի համար եւ կարեւոր տեղ են զբաղեցնում մեր արտաքին քաղաքականության օրակարգում: Մենք հաշվի առնելով մեր պատմությունն ու անցած ուղին, լավ ենք հասկանում սեփական անվտանգությունն ապահովելու երկրների ձգտումը»: Այս իմաստով, նախարարը նկատեց, որ Հայաստանը միանշանակ աջակցում է յուրաքանչյուր երկրի սեփական անվտանգությունն ապահովող յուրաքանչյուր քայլին:

Այսօր ՀՀ Արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ Սլովենիայի ԱԳ նախարար Դիմիտրի Ռուպելը ստորագրեցին համագործակցության մասին արձանագրություն: Սա պետական մակարդակով համագործակցության առաջին քայլն էր:

Պրն Ռուպելը արդեն այցելել էր Ծիծեռնակաբերդ եւ բավական տպավորված էր ցեղասպանության թանգարանում տեսածից եւ հայտարարեց, որ սլովենական փորձագետներին կհանձնարարի ուսումնասիրել 1915 թ-ի Հայոց ցեղասպանության խնդիրը: