Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ա1+»-Ի ՎԵՐԱԲԱՑՈՒՄԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋ Է

Քաղաքականություն

ԱԺ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցությունը չի մասնակցի եռօրյա նիստերից հետո կազմակերպվող բրիֆինգներին, մինչեւ չվերաբացվի «Ա1+»-ը: Այսօր Խմբակցության ներկայացուցիչը Աղասի Արշակյանը եկել էր միայն այս հայտարարությունը հրապարակելու նպատակով: Նա անիմաստ է համարում նման միջոցառման մասնակցելը, քանի դեռ հնարավոր չէ այլընտրանքային կարծիք փոխանցել ժողովրդին: Նախկինում դա արվում էր «Ա1+»-ի միջոցով: «Մենք մեր բողոքը նման ձեւով ենք արտահայտում», - ասաց նա:

Իսկ բրիֆինգներին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների մեծ մասը խոստովանում է, որ լրատվական դաշտն առանց «Ա1+»-ի խիստ տուժել է ««Այբ-ֆե»-ի եւ «Հետգրության» կարիքը զգում եմ, հասարակական պահանջ կա որ վերաբացվի», - ասում է հանրապետական Ֆիլարետ Բերիկյանը: Կոմունիստ Գագիկ Թադեւոսյանի կարծիքով, «Ա1+»-ի փակումից հետո լրատվական դաշտը աղքատացել է:

Պատգամավորները նշում են օրենսդրության թերությունները: Օրինակ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը գտնում է, որ չի կարող մրցույթի հիմնական պայմաններից մեկը չհանդիսանալ հեռուստատեսության փորձը: Իսկ Գագիկ Թադեւոսյանը զարմանում է.«եթե «Շարմը» հաղթել է, պետք է հաջորդ օրը եթեր դուրս գար, եթե եթերում չի, ապա ինչպե՞ս է հաղթել»:

Ինչ վերաբերում է տապալված արտահերթ նիստին, ապա խումբ-խմբակցությունների մեծ մասը գտնում է Շավարշ Քոչարյանի օրենսդրական նախաձեռնությունը «Ա1+»- ի վերաբացման հետ կապ չուներ, քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի: