Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԻԿԱՆ» ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՈՒԵՖԱ-Ի ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Սպորտ

Երեկ Գերմանիայի Բոխում քաղաքում տեղի ունեցավ վիճակահանություն, որի ժամանակ պետք է որոշվեին ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությայն այն 2 մասնակիցները, որոնք տրվում են Fair Play-ի կանոններով: Հայաստանի, Դանիայի, Նորվեգիայի, Անգլիայի, Գերմանիայի, Իռլանդիայի, Ֆինալանդիա, Ուկրաինայի, Իսպանիայի, Ալբանիայի եւ Իսլանդիայի ակումբների միջեւ կայացած վիճակահանության արդյունքում բախտը ժպտաց Հայաստանին եւ Ուկրաինային:

Հայաստանից ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը կմասնակցի Աշտարակի «Միկան», որը ֆուտբոլի Հայաստանի 2003թ. առաջնությունում գրավել է 4-րդ հորիզոնականը: Մինչ այդ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության իրավունք էին նվաճել Երեւանի «Բանանցը» եւ Գյումրիի «Շիրակը»:

Այսպիսով ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության 2004/05թթ. խաղարկությունում Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ, ինչը ռեկորդ է մեր երկրի համար: Ուրախալի է, որ ներկայում առաջնությունում 2-րդ տեղում ընթացող «Միկան» կմասնակցի այս պատվավոր գավաթի խաղարկությանը:

Ի տարբերություն «Միկայի», «Բանանցի» եւ հատկապես «Շիրակի» ֆուտբոլիստները այս տարի կայուն խաղ չեն ցուցադրում եւ կարելի է ասել պատրաստ չեն ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությանը: «Շիրակը» ներկայումս ընթանում է առաջնության նախավերջին տեղում եւ միայն հրաշքով գյումրեցիները կարող են հաղթահարել ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման փուլը:

Միաժամանակ պարզ չէր, թե որ հայկական ակումբը հանդես կգա Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում, այն բանից հետո, երբ «Միկան» հնարավորություն ստացավ հանդես գալ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: Ինտերտոտոյի գավաթը մեկնարկում է հունիսի 22-ին եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացանք, որ այս մրցաշարին հայկական ակումբի չի մասնակցի, քանի որ հնարավոր չէ նման կարճ ժամանակահատվածում արտոնագրել եւս մեկ ակումբի: