Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ

Քաղաքականություն

ՀՀ տարածքում շատ շուտով սկսելու է գործել մշակութային գործիչների աշխատանքի գնահատման նոր մեխանիզմ: Սահմանվելու է ՀՀ պատվավոր արտիստի, պատվավոր լրագրողի եւ այլ կոչումներ: Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է այդ կոչումների համար նախատեսված պատվոգրերի ու նշանների ձեւերը:

Առավել հետաքրքրության արժանացավ «պատվավոր լրագրող» կոչման հատկացման կարգը: Հայտնի է, որ այդ կոչումը հատկացնելու է մրցութային հանձնաժողովը, որը գուցե կազմված լինի նախկին վաստակավոր լրագրողներից: Սակայն ինչպե՞ս է ձեւավորվելու այդ հանձնաժողովը եւ ո՞վ է կատարելու նշանակումները դեռ հստակեցված չէ: ՀՀ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի խոսքերով, հաշվի առնելով վերջին շրջանի իրադարձությունները Հանրապետության նախագահն ամենայն հավանականությամբ զերծ կմնա լրագրողներին վերաբերող այդ հանձնաժողովի հետ որեւէ առնչությունից:

Կառավարության նիստում քննարկված բազմաթիվ հարցերից այսօր առանձնացվեց նաեւ ՀՀ փոքր եւ միջին բիզնեսին հատկացվելիք վարկի հարցը: Սեւծովյան համագործակցության եւ զարգացման բանկը ՀՀ-ին տրամադրելու է 5 միլիոն դոլարի վարկ: Ի դեպ, միայն վերջին շրջանում տարբեր միջազգային կառույցների կողմից ՀՀ փոքր եւ միջին բիզնեսի ոլորտին հատկացվել է մոտ 41 միլիոն դոլարի վարկ: Սակայն առ այսօր հաշվարկված չէ, թե այդ վարկերն օգտագործած ձեռնարկությունները որքանով են մեծացրել Հայաստանի Համախառն Ներքին Արտադրանքի ծավալը:

Ամեն դեպքում մինչեւ մայիս որոշվելու է հերթական վարկի տրամադրման մեխանիզմները: Արդեն հայտնի է, որ Սեւծովյան համագործակցության եւ զարգացման բանկը՝ վարկը տրամադրելու համար, ՀՀ-ին ներկայացրել է պահանջ: Վարկի փոխանցման գործընթացին չեն մասնակցելու ՀՀ տարածքում գործող բանկերից եւ ոչ մեկը: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը պնդում է, որ գումարների փոխանցումը Հանրապետության բանկային համակարգի շրջանցմամբ չի հակասում ՀՀ օրենքներին: «Այս պահին մեր քաղաքացիական օրենսգիրքը թույլ է տալիս այդպիսի գործարքներ ՓԲԸ,ՍՊԸ ձեռնարկությունների համար: Բայց հիմա օրենսգիրք է քննարկվում, որը ստեղծում է նոր պայմաններ վարկերի փոխանցման համար», - ասում է Վարդան Խաչատրյանը: