Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՐԿԻՆ ԻՐ ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ Է

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 8-րդ տուրի 2 հանդիպումներով մեկնարկեց 2-րդ շրջանը:

«Փյունիկ» - «Լ. Արարատ»`3:1
«Հանրապետական» մարզադաշտում չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալեց վերջին տուրերում հաջող հանդես եկող «Լեռնագործ Արարատին»: «Փյունիկը» չնայած վստահորեն գլխավորում էր մրցաշարային աղյուսակը սակայն նախորդ 2 հանդիպումներում չէր կարողացել հաղթել մրցակիցներին եւ այս մրցավեճում Միխայ Ստոյկիցայի թիմին անպայման հաղթանակ էր պետք:

Հանդիպումը բավականին արդյունավետ սկիզբ ունեցավ եւ կարելի է ասել հենց խաղասկզբում վճռվեց խաղի ելքը: Արդեն 5-րդ րոպեին «Փյունիկի» վտանգավոր գրոհի արդյունքում Լեւոն Պաչաջյանը մեն-մենակ դուրս եկավ «Լ. Արարատի» դարպասապահի դեմ եւ թույլ, բայց դիպուկ հարվածով բացեց հաշիվը:

Բաց թողած գոլից հետո արարատցիները չէին հասցրել ուշքի գալ, երբ «Փյունիկը» հերթական արդյունվետ գրոհը կազմակերպեց. 11-րդ րոպին Գալուստ Պետրոսյանը ձախ եզրից գնդակը փոխանցեց տուգանային հրապարակ, որտեղ «Արարատի» պաշտպանը անզգուշորեն գնդակը ուղարկեց սեփական դարպասը:

Երկու գնդակի առավելությունը ամրության մեծ պաշար էր «Փյունիկի» համար, չնայած «Լ. Արարատը» շարունակում էր գրոհել: Մինչեւ ընդմիջում 2 թիմերն գոլային մի շարք պահեր ստեղծեցին, բայց հաշվի մեջ փոփոխություն չարձանագրվեց:

2-րդ կեսը նոր էր սկսվել, երբ «Փյունիկը» կրկին նետվեց առաջ եւ Գալուստ Պետրոսյանը հայտնվելով նպաստավոր դիրքում 3-րդ անգամ գրավեց դարպասը: «Արարատին» հաջողվեց միայն «թրջել» հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Մհեր Ավանեսյանը:

«Շիրակ» - «Բանանց»`1:2
«Շիրակը» հերթական պարտությունը կրեց եւ կրկին չակարողացավ սեփական հարկի տակ հաղթանակ տոնել: Չնայած խաղասկիզը «Շիրակի» համար հաջող ստացվեց եւ 17-րդ րոպեին Արտյոմ Հակոբյանը բացեց հաշիվը: Բայց 2-րդ կեսում «Բանանցին» հաջողվեց բեկում մտցնել խաղի մեջ: Նախ 48-րդ րոպեին Տիգրան Եսայանը հավասարեցրեց հաշիվը, իսկ 62-րդ րոպեին Արամ Սարգսյանը խփեց «Բանանցի» համար հաղթական գնդակը: